Մենք փորձում ենք կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Պետքարտուղարը հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի «կարևոր» բաղադրիչ է, որը «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելուն»։
«Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելուն», - ասել է Ռուբիոն։
Մարկո Ռուբիոն ընդգծել է նաև՝ «մենք ստիպված ենք գործ ունենալ երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն իդեալական մոդել»։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ԱՄՆ-ը նրանց հետ շփվում է ազգային շահերից ելնելով՝ միաժամանակ ձգտելով հավասարակշռել դրանք դիվանագիտության հետ։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը՝ «մասնավորապես նրա հավաստիացումը, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան և ապահովելու հայ գերիների ազատ արձակումը»:
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13- ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել: Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ: