Մատչելիության հղումներ

Բաքվի հրավերով Ստեփանակերտ այցելած բրիտանացին երևանյան համաժողովի օրակարգից դուրս մղվեց բողոքից հետո


Արտգործնախարարության կազմակերպած միջազգային համաժողովի հյուրերի ցանկում փորձագետ Քրեգ Օլիֆանտի անունը հայտնվեց ու անհետացավ: Արդյոք Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատուի անունը հանվել է հայաստանցի ու արցախցի իրավապաշտպանների բողոքից հետո՞, ԱԳՆ-ից պարզել չհաջողվեց: Պարզ չէ նաև՝ Օլիֆանտը Երևան ժամանեց, թե՝ ոչ:

Մինչ այդ, արցախցի ու հայաստանցի մի շարք իրավապաշտպաններ դատապարտել էին մեկուկես ամիս առաջ Ստեփանակերում Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած ֆորումինվմասնակցած բրիտանացուն Երևան հրավիրելու քայլը: Ադրբեջանի նախագահը քառօրյա այդ ֆորումին մասնակցել ու կրկին սպառնացել էր՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, եթե դա չանի, ապա պատերազմի վտանգը կպահպանվի:

«Նույն ձևով Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցիների ցանկի մեջ կար այդ մարդու անունը: Այսինքն՝ շատ պարզ, հրապարակված երկու ցանկերի համեմատության արդյունքում գտել ենք տվյալ անձի անունը երկու տեղում էլ», - ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Դատելով ադրբեջանական աղբյուրների հրապարակումներից՝ ապրիլին Օլիֆանտը Ստեփանակերտում մասնակցել էր «Նոր աշխարհակարգին դեմ հանդիման» պանելային քննարկմանը: Արցախի նախկին պետնախարար, «Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը բացատրում է, թե ինչու էին անընդունելի համարում Օլիֆանտի մասնակցությունը երևանյան ֆորումին:

«Գլխավոր խնդիրն այն է՝ արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանության համար ընդունելի՞ է, որ Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի օկուպացիան և, առնվազն Հայաստանի իշխանությունների տերմիններով ասած, էթնիկ զտումը: Իրենք՝ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և մնացածը, բազմիցս են հայտարարել, որ, իրենց տերմինաբանությամբ ասած, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ տեղի է ունեցել էթնիկ զտում», - ընդգծեց նա:

Բեգլարյանը հիշեցնում է Արցախի նկատմամբ Ալիևի վարած քաղաքականության շուրջ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային դատարաններ ուղարկված հայցերը: Ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պարտավորություն ունեն լինել հետևողական, որ իրականացվեն միջազգային դատարանների որոշումները: Սակայն այս դեպքում, ըստ Բեգլարյանի, ոչ միայն բավականաչափ գործողություններ չեն անում արցախցիների իրավունքները պաշտպանելու հարցում, այլև Երևան են կանչում մեկին, որը մեկուկես ամիս առաջ Բաքվի հրավերով Ստեփանակերտում էր և իր այդ մասնակցությամբ միացել է Արցախի ժողովրդի ու հայկական մշակույթի նկատմամբ ալիևյան ռեժիմի կիրառած հանցագործությունների միջազգային լեգիտիմացմանը:

«Պետք է անընդհատ, այդ թվում՝ պետությունների պաշտոնյաներին նոտաներ հղեն, որ իրենք ապօրինի, միջազգային կարգին ու Հայաստանի Հանրապետության հայցերի հիման վրա կայացված միջազգային դատական որոշումներին դեմ քայլեր են անում», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Մյուս կողմից, Արցախի նախկին պետնախարարը Բաքվի հետ խաղաղության ձգտող վարչապետ Փաշինյանի թիմի համար տրամաբանական է համարում Օլիֆանտին Հայաստան հրավիրելը: Բայց շտապում է հավելել՝ թող կողմնորոշվեն՝ կամ նպաստում են Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և այդ զտման հետևանքների լեգիտիմացմանը Ալիևի կողմից, կամ էլ՝ գործողություններ անեն կանխելու այդ հանցագործությունների հետագա լեգիտիմացումը:

Բրիտանացի փորձագետն այսօր «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում պետք է պանելային քննարկում վարեր տարածաշրջանում առևտրային և տրանսպորտային կապերի զարգացման թեմայով: Նրա փոխարեն այդ քննարկումը վարեց Եմենի Ինֆորմացիոն կենտրոնի նախագահը:





XS
SM
MD
LG