Մատչելիության հղումներ

Դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու


Դատարանը երկրորդ անգամ է անվավեր ճանաչում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու որոշումը՝ այս անգամ ևս մերժելով կարմիր գծերը շեշտակի թանկացնելու Երևանի իշխանության հիմնավորումները: Առաջին անգամ նման վճիռ եղել էր 2024-ի դեկտեմբերի 19-ին, սակայն ի տարբերություն նախորդ տարվա՝ դատարան այս անգամ ոչ թե մեկ տարի, այլ մի քանի ամիս քննեց գործը: Առաջին գործը քաղաքապետարանը բողոքարկեց՝ վճռաբեկում է:

«Ուրեմն, քանի դեռ առաջին որոշումը վերաքննիչ, վճռաբեկ ատյաններով չի անցել և չի ստացել է օրենքի ուժ, էսպես ասենք, և ուժի մեջ չի մտել, քանի տարի իրենք բերեն, մենք էդքան տարի դատական կարգով բողոքարկելու ենք», - ասաց Երանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

Ճիշտ է՝ դատարանն անվավեր է ճանաչում Երևանի քաղաքապետարանի որոշման դրույթները, բայց քաղաքացու կյանքում բան չի փոխվելու և շարունակելու են կարմիր գծերի համար վճարել 300-ից մինչև 160 հազար դրամ: Երևանի ավագանին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների գինը, իսկ քաղաքապետարան անընդհատ բողոքարկում է, դատական ակտը մնում է անկատար: Այս անգամ էլ Երևանի քաղաքապետարանը նույն ճանապարհով է գնալու՝ Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառմամբ է հայտարարել:

«2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի», - նշել է նա։

Քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը. գործը դատարան ներկայացրած ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչի գնահատական է: «Մայր Հայաստան»-ից Մանուկ Սուքիասյանը նկատեց՝ դատական ատյաններում իշխանություններին հաղթում են, սակայն քաղաքապետարանը, օգտվելով օրենսդրական սողանցքներից, հարցի լուծումը մղում է անհայտ ժամկետով կարգավորման:

«Բողոքարկել են վերաքննիչ, վերաքննիչ թերությունների պատճառով վերադարձվել է, փոխանակ թերությունները շտկեն և նորից գնան վերաքննիչ, Վերաքննիչի թերի հայցը իրենք բողոքարկել են վճռաբեկ, վճռաբեկը կպատասխանի, հետո նոր կանդրադառնան վերաքննիչին.... ստացվում է՝ դատաիրավական բռնոցի ենք խաղում իշխանությունների հետ», - ընդգծեց Սուքիասյանը։

Քաղաքապետարանը ինչպես նախորդ, այս անգամ էլ անհիմն է համարում դատարանի վճիռը, մինչդեռ Սուքիասյանը հակադարձում է. - «Բացատրական նկարագրական մասում ասվում է հետևյալը՝ կարմիր կետագծերը համարվում են ծառայություն, եթե դու քո ծառայությունը թանկացնում ես 13 անգամ, պետք է ցույց տաս քո մատուցած ծառայության ծախսային մասի ևս 13 անգամ թանկացում։ Այսինքն, եթե դու նույն ծառայությունը մատուցելու համար նախկինի համեմատ չես անում 13 անգամ ավելի շատ ծախս, քո թանկացումը ոչ իրավաչափ է։ Սրանից ավելի հոդաբաշխ և հասկանալի վճիռ չէր կարող լինել»:

«Ազատությունն» անցած տարի արդեն պարզել էր, որ կարմիր գծերի թանկացումից հետո մոտ գանձումներ 530 մլն դրամից հասնել էին 1.3 միլիարդի, և սա միայն տարեկան փաթեթներից:

«Ժամավճարով վճարողները եռապատիկ ավելին են շարունակում վճարել, և ով կենտրոնում, օրինակ, գործ ունի, էսպես թե այնպես պիտի գա։ Դա փայլուն մշակված ֆինանսական աֆորա, որպեսզի մտնեն մարդկանց գրպանը, հավելյալ փող շորթեն և տնօրինել ըստ իրենց հայեցողության», - ասաց «Մայր Հայաստան»-ի ղեկավարը:

Թեև Վարչական դատարանն արդեն երկու անգամ անվավեր է ճանաչել կարմիր գծերի սակագնի որոշման դրույթները, վարորդները դեռ չեն կարող դիմել դատարան և պահանջել վերադարձնել իրենց ավելի վճարած գումարները։ Նախ վճիռը նման պահանջ չի ենթադրում, և միայն այն ժամանակ, երբ այն մտնի օրինական ուժի մեջ, հնարավոր կլինի դրա հիման վրա ներկայացնել անհատական կամ խմբային հայցեր։

Մանուկ Սուքիասյանը հույս չունի, որ այս տարի վճիռն օրինական ուժի մեջ կմտնի, հիշեցրեց՝ այս տարվա դեկտեմբերին կհաստատվեն 2026 թվականի դրույքաչափերը, ըստ նրա, քաղաքապետարը դատական հայցերով խնդիրը նույնիսկ կտանի մինչև հաջորդ ընտրություններ:




XS
SM
MD
LG