Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ


Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի առիթով» հայտարարության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ. խորհրդարանական մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց։

Նախագիծը գլխադասային հանձնաժողովում էլ բացասական եզրակացություն էր ստացել։

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակն ամբողջ մարդկության համար մեծ իրադարձություն է, որը հնարավոր դարձավ բազմաթիվ պետությունների, ժողովուրդների համատեղ ազգային պայքարի շնորհիվ։ Բայց այսօր քննարկվող տեքստում այդ համամարդկային համագործակցությունը գրեթե անտեսված է, շեշտը դրված է միայն Խորհրդային Միության վրա՝ առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել հաղթանակում, ինչպես օրինակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և այլք», - ասաց նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ հանձնաժողովում նախագիծը քննարկվեց աշխարհաքաղաքական շահերի բախման, փաստերի խեղաթյուրման և թեմայից չբխող երկրորդական մեկնաբանություններով։

«Այդ օրերի մի շարք իրադարձությունների վերաբերյալ իշխանության քարոզչամեքենայի հրահրած, այսպես կոչված, այլընտրանքային մոտեցումները սպասելի են դարձնում այս հայտարարության մասով ունեցած դիրքորոշումը, սակայն կան փաստեր, որ ինչ էլ անես, մեկ է՝ մնալու են պատմական և հնարավոր չէ խմբագրել դրանք։ Իշխող ուժի և որոշ աշխարհաքաղաքական ուժերի տակ գտնվող մարգինալների մի կողմ դրած, հասարակական-քաղաքական դաշտում կա՞ն արդյոք քիչ թե շատ ճանաչված ուժեր կամ գործիչներ, ովքեր կարող են կասկածի տակ դնել Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կարևորությունն ու դրանում հայ ժողովրդի ճակատագրումը», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պատիվ ունեմ»-ի հայտարարության մեջ ասված է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով, էապես քաղաքակրթական պայքար էր քսենոֆոբիայի դեմ։ Անդրադարձ կար նաև 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG