Մատչելիության հղումներ

Ժնևում կարող է տեղի ունենալ Թրամփ-Զելենսկի-Պուտին հանդիպում. Քելլոգ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Ժնևում։ Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։

Քելլոգի խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն ստացել է ուկրաինական կողմից փաստաթուղթ, որտեղ թվարկված են հրադադարի Կիևի պայմանները, և այժմ Վաշինգտոնում սպասում են Ռուսաստանի նույնաբովանդակ փաստաթղթին։

«Երբ նախագահ Թրամփը մեկ շաբաթից մի փոքր ավելի առաջ խոսեց նախագահ Պուտինի հետ, ռուսներն ասացին, որ պլանավորում են պատրաստել, ինչպես իրենք են անվանում, հուշագիր, որը ես անվանում եմ պայմանների ցանկ։ Ահա այսպես մենք կհասնենք խաղաղության։ Մենք արդեն ստացել ենք նմանատիպ փաստաթուղթը ուկրաինական կողմից։ Այժմ պետք է այն ստանանք ռուսներից», - ասել է Քելլոգը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նաև հաստատել է՝ քննարկվում է երեք առաջնորդների միջև Շվեյցարիայում խաղաղության հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ «Մենք ցանկանում էինք հանդիպումն անցկացնել Վատիկանում, բայց ռուսները հրաժարվեցին այնտեղ մեկնել: Այսպիսով, Ժնևը դիտարկվում է որպես հաջորդ հնարավոր վայրը, որտեղ երեք հիմնական առաջնորդները՝ նախագահ Թրամփը, նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին, կարող են հանդիպել ՝ համաձայնեցնելու փաստաթուղթը և ավարտելու պատերազմը», - հավելել է Քելլոգը։

Հնարավոր եռակողմ հանդիպման ժամկետների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG