Մահացու վթարից 5 օր անց Ծաղկաձորում որևէ կվադրոցիկլ չի երևում, չկան: Ո՞ւմ թույլտվությամբ էին Կեչառիս վանական համալիրի մոտ բազմաթիվ կվադրոցիկլեր դիրքավորվում զբոսաշրջիկներին պտույտի տանելու համար՝ տարածքի ավտոկայանման տեսուչը չգիտի, միայն այն գիտի, որ շաբաթ օրը երկու դեռահաս աղջիկների մահվան դեպքից հետո այդ քառանիվ սարքերը չքվել են. ո՞վ հրահանգեց՝ դա էլ չգիտի:
Շաբաթ օրը Երևանի 29-րդ դպրոցի մի խումբ 10-րդցիներ Ծաղկաձոր՝ ժամանակ անցկացնելու էին գնացել, 4 աղջիկներ Բագի քառանիվ կվադրոցիկլ են վարձակալել հենց Կեչառիսի մոտից, վարորդը՝ 19-ամյա ծաղկաձորցի: Վթարը վանքից մի քանի տասնյակ մետր ներքև էր: Ենթադրաբար մեքենան արագության տակ բախվել է պատնեշին, կողաշրջվել, աղջիկները դուրս են թռել մեքենայից:
Աղջիկներից երկուսը, երկուսն էլ 15 տարեկան ու երկուսն էլ Ալեքսանդրա անունով՝ լուսավոր գեղեցկուհիներ, մահացել են գիտակցության չգալով:
Դպրոցականներից մեկը վնասվածքներով դեռ հիվանդանոցում է, մյուսը դուրս է գրվել: Քրեական գործ է հարուցվել Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով: Վարորդը կալանավորված է: Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ նա եղել է սթափ, բայց համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել: Մեքենան նրան չի պատկանել, սեփականատեր կա, նա կարծես թե նույնպես դեպքի վայրում էր:
Երկու դեռահասի մահվան պատճառ դարձած այս ողբերգությունից հետո հարցերը շատ են, 4 տեղանոց այդ բագիում հինգ հոգով են տեղավորվել, վարորդը առանց իրավունքի. իսկ տեխնիկապես ի՞նչ վիճակում է եղել այդ քառանիվ բագին. պատասխաններ դեռ չկան: Պետական կամ համայնքային որևէ մարմնին հետաքրքրել է՝ թե ի՞նչ ծառայություն է սա. Ծաղկաձորի տարբեր հատվածներում այս մեքենաները մշտական տեղակայման վայրեր ունեին և սահմանված հստակ գներ՝ մեկ ամբողջական պտույտից մինչև 10 րոպեանոց զբոսանք: Ո՞ւմ թույլտվությամբ ու վերահսկողությամբ է այդ ծառայությունը մատուցվում զբոսաշրջային Ծաղկաձորում:
Ծաղկաձորի համայնքապետն ասում է՝ համայնքը գործունեության թույլտվություն տալիս է օրինակ հանրային սննդի համար , բայց որ մարդիկ կվադրոցիկլ են քշում՝ երևի երթևեկության հարց է, ենթադրում է Նարեկ Հարությունյանը:
Մինչև երթևեկությանն անցնելը՝ այդ սարքերը կայանում են համայնքի շատ հստակ հատվածներում, դրանց տերերը վարձով մեքենա են բաժանում, այսինքն փող են աշխատում՝ եկեղեցու մոտ, Ծաղկաձորի հենց կենտրոնում, այժմ վերակառուցվող հրապարակի տարածքում էին դրանք: Համայնքը կապ չունի՞: Համայնքապետը այս դեպքում էլ Պետեկամուտների կոմիտե է ուղղորդում. - «Որևէ գործառույթ համայնքը չունի, որ ասի՝ այստեղ մի կայանիր, մենք ոստիկանության աշխատակից չենք, մենք համայնքն ենք, եկել է մեքենան քաղաքացին կայանել է, գնաս ասես հանի՞ էդտեղից, չի լինի, չէ՞: Բայց եթե գործունեության առումով, կարծում եմ, հարցը պետք է ուղղեք Պետեկամուտների կոմիտե»:
Եվ որպես վերջնական փաստարկ՝ համայնքապետը պնդում է՝ այնտեղ որտեղ ծավալվում էր այդ բիզնեսը, այսինքն կոնկրետ կայանման հասցեները բոլորովին էլ համայնքինը չեն. - «Դա համայնքային տարածք չի, եթե նկատում եք, եկեղեցու տարածքն է, հրապարակինը մարզային նշանակության ճանապարհ է»:
Կեչառիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանային հարցրինք՝ կվադրոցիկլերի համար տարածք եք տվե՞լ, պնդեց՝ նույնիսկ տեղյակ չէր, որ այդ ճամփան եկեղեցուն է պատկանում, քառանիվների բիզնեսի հետ եկեղեցին կապ չունի: Հարցման հաջորդ հասցեն ոստիկանությունն է, այստեղ էլ պնդեցին՝ իրենց տիրույթում է երթևեկող քառանիվը, ընդ որում, եթե պետհամարանիշ չունի, երթևեկությանը մասնակցելու իրավունք չունի, կարող է միայն փողոց հատել: Վթարված բագին, ի դեպ, առանց համարանիշի է:
Ինչպե՞ս է երթևեկության մեջ մտել, այն էլ վարորդն առանց վկայականի՝ ոստիկանությունից փոխանցեցին՝ իրենք պարբերաբար ռեյդեր են անում, հայտնաբերում կարգազանցներին, թվեր էլ ունեն, բայց դրանք կտրամադրեն ոչ այսօր, որովհետև օրը աշխատանքային չէ:
Հետո Պետեկամուտների կոմիտեից հետաքրքրվեցինք՝ վարձով կվադրացիկլեր տրամադրող ծաղկաձորյան ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ ունե՞ն հարկ վճարողների շարքում: Լրատվականից փոխանցեցին՝ հարկ վճարողի տվյալներ են անհրաժեշտ այդ տեղեկատվությունն ստուգելու համար: Քննչական կոմիտեն էլ այս պահին տեղեկատվություն չունի՝ վթարված մեքենան անձի է պատկանել, թե ընկերության: Ի դեպ, քրեական այս գործով մեքենայի տերը որևէ կարգավիճակ չունի էլ:
Ծաղկաձորում հանգստանալու եկած տիկնոջ կարծիքով՝ հանգստավայրի փողոցները պիտի ազատվեն այդ էքստրիմ սարքերից, իսկ ծաղկաձորցի տղամարդը խնդիր չի տեսնում:
Ի դեպ, այստեղ շատերն են կվադրոցիկլ վարում կամ վարձով տալիս, նաև բագիներ, վերջինի համար վարորդական վկայական է պետք, կվադրոցիկլների համար՝ ոչ: Վերջին ողբերգությունը պարզ դարձրեց, որ բոլորովին նշանակություն չունի, թե ինչ է նախատեսված իրավական ակտերով: 4 անիվ լինի՝ գլորեն փող աշխատեն, նկատող չկա: