Կասկածելի գործարքների կիզակետում հայտնված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ ANIF-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը դարձել է Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) տնօրենների խորհրդի անդամ։
Այս կառույցի ստեղծման նախաձեռնողները Իսրայելն ու դաշնակից Միացյալ Նահանգներն են, հիմնադրամը ստեղծվել է Գազայում մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Գազայի հումանիտար հիմնադրամի կարողությունների, նպատակների շուրջ, սակայն, կան լուրջ կասկածներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից, քանի որ նորաստեղծ այս հիմնադրամը հումանիտար ճգնաժամերի կառավարման փորձ չունի։
Գազայի հատվածը պատերազմի ավելի քան մեկուկես տարվա ընթացքում գտնվում է շրջափակման մեջ, իսկ մարտ ամսից՝ զրկված է հումանիտար աջակցությունից, որը կենսական նշանակություն ունի վրաններում ապաստանած հարյուր հազարավոր ներքին փախստականների համար։ Իսրայելը ամիսներ շարունակ մերժել է, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների կողմից օգնություն հասցնելու առաջարկներն ու հորդորները՝ միջազգային կառույցին մեղադրելով կողմնակալ գործունեության մեջ։
Ջրի, սննդի, դեղորայքի բացակայությունը հանգեցրել է սովի սպառնալիքի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն անցած օրերին ահազանգել էր՝ Գազայում միայն վերջին մի քանի շաբաթներին առնվազն 50 անչափահաս է սովամահ եղել, զգուշացնելով, որ ևս 71 հազար երեխաներ սուր թերսնման վտանգի են բախվել։ Գազայի հումանիտար հիմնադրամը վայելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Իսրայելի կառավարության աջակցությունը։
Միաժամանակ ՄԱԿ-ը հրաժարվել էր մաս կազմել Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) կողմից օգնության բաշխմանը, կազմակերպությանը մեղադրելով միջազգային իրավունքը, մարդասիրական սկզբունքները չհարգելու մեջ։
Ըստ Reuters-ի՝ Գազայում GHF-ն կհամագործակցի ամերիկյան մասնավոր լոգիստիկ և անվտանգային ընկերությունների հետ հումանիտար բեռի տեղափոխման ու բաշխման հարցերում։ Հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ անհասկանալի և ոչ թափանցիկ են գնահատում GHF-ի ֆինանսավորումն ու դրա մեխանիզմները, կասկած հայտնում, որ նորաստեղծ հիմնադրամը, չունենալով անհրաժեշտ փորձ և կարողություն, հավակնոտ նպատակ է դրել փոխարինելու ՄԱԿ-ին։ Մարդու իրավունքների ոլորտում գործող և մարդասիրական մի շարք հեղինակավոր կառույցներ GHF-ն անվանել են «նախագիծ, որ ղեկավարում են «քաղաքականապես փոխկապակցված արևմտյան անվտանգության և ռազմական գործիչները» և իրենց գործողությունները համակարգում են Իսրայելի կառավարության հետ։ Այս քննադատությունների ֆոնին հրաժարական տվեց GHF-ի տնօրեն Ջեք Վուդը՝ ընդգծելով, որ շարունակում է հավատարիմ մնալ մարդասիրության, անաչառության ու անկախության սկզբունքներին։
Սրան զուգահեռ Շվեյցարիայի իշխանությունները դիտարկում են ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող այս հիմնադրամի գործունեության մասով հետաքննություն սկսելու հնարավորությունը։ Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կառավարությանը մեղադրել էր երկու shall ընկերությունների միջոցով այս հումանիտար օգնությունը ֆինանսավորելու մեջ։
Գազայի հումանիտար հիմնադրամը գրանցվել է Ժնևում, փետրվարին։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի անունը հայտնվել է հիմնադրամի գրանցման փաստաթղթերում՝ որպես տնօրենների խորհրդի անդամ։
Իսրայելական Shomrim լրատվականը, որ լրագրողական հետաքննություններ է իրականացնում, Փափազյանին ներկայացրել է նաև որպես GHF-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Խորհրդում են նաև Դեյվիդ Կոհլերը և Լոիկ Սամյուել Մարսել Հենդերսոնը։ Կոհլերն ու Փափազյանը հրաժարվել են պատասխանել Shomrim-ի հարցերին, իսկ Հենդերսոնն ասել է՝ չի ցանկանում խոսել այդ թեմայի մասին։
Իտալական հեղինակավոր Il Manifesto պարբերականը GHF-ի գործունեության շրջանակում ավելի մանրամասն է ներկայացրել Դավիթ Փափազյանի նախորդ գործունեությունը:
«Չնայած ըստ Linkedin-ի էջի Փափազյանի ղեկավարած երկու ընկերությունները՝ Fly Arna-ն և ANIF-ը հաջողակ են, Փափազյանն իրականում հեռացվել է ANIF-ից, իշխանության չարաշահման ու յուրացման ենթադրյալ սկանդալների պատճառով, որոնք քննում է Հայաստանի քննչական կոմիտեն»,-գրել է օրաթերթը, նաև հիշեցրել, որ Փափազյանի ղեկավարած Fly Arna-ի գործունեությունը Հայաստանի վարչապետը որակել է որպես ձախողված։
Իտալական լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ Փափազյանը ANIF-ի միջոցով փորձել է համակարգել արաբական «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային էլեկտրակայանի կառուցումը, որը դեռ իրականություն չի դարձել։
GHF-ում ներգրավելու, այնտեղ իր գործառույթների մասին «Ազատության» հարցերին Դավիթ Փափազյանը չի պատասխանել։ Վերջինիս ղեկավարած ՓԲԸ-ի՝ ANIF-ի հետ կապված ներկայում քննվում է քրեական վարույթ, գլխավոր դատախազը վերջերս նաև հայտարարել է մոտ ապագայում մեղադրյալների ներգրավման և գործով նոր զարգացումների մասին։
ANIF-ի ներդրումներով ստեղծված Fly Arna ավիաընկերությունը, «Ապագա փրոջեքթս» հանգստյան գոտին ներկայում սնանկության փուլում են։ Արաբական «Մասդար» ընկերության հետ տարիներ շարունակ ANIF-ը բանակցում էր արևային էլեկտրակայանների կառուցման համար, սակայն մինչ այժմ նույնիսկ շինարարությունը սկսված չէ։ «Ազատություն»-ը ապրիլին գրել էր, որ ANIF-ը իր դուստր ձեռնարկության միջոցով ֆինանսավորել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դասընկերոջ ելակի բիզնեսը, իսկ «Հետք»-ն անդրադարձել էր ANIF-ի դուստր ընկերության միջոցով Ավինյանի կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերության ֆինանսավորման թեմային։
Գազայի հումանիտար հիմնադրամը մարդասիրական բեռների առաջին խմբաքանակը տեղ հասցրեց մայիսի 27-ին։ Ըստ CNN-ի՝ այս գործընթացը վերածվել է քաոսի, հազարավոր պաղեստինցիներ փորձել են ստանալ սննդամթերքի փաթեթներ, իսկ իսրայելական կողմը կրակել է օդ։ Ամերիկյան մասնավոր ընկերությունը, որ հսկողություն պետք է սահմաներ բաշխման գործընթացում, ըստ CNN-ի, տեղում չէր։ Միջադեպի հետևանքով կան 48 վիրավորներ և մեկ զոհ։
Օգնություն ստանալու համար եկած պաղեստինցիները պատմել են բաշխման կետ հասնելու բարդությունների, խառնաշփոթի ու իսրայելական կողմից կրակոցների մասին։ GHF-ն հաղորդել է 8000 սննդի փաթեթներ 462 հազար պաղեստինցիների հատկացնելու մասին, խոստանալով առաջիկայում մեծացնել այդ ծավալներն ու նոր բաշխման կետեր ավելացնել։
Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան