Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լաչին:
Այս շրջանում բնակություն հաստատող ադրբեջանցիների հետ հանդիպմանը նա հայտարարել է․ «Ինչպես գիտեք, մարտերի ընթացքում ազատագրվել էր Լաչինի շրջանի միայն հարավային հատվածը։ Մինչդեռ հիմնական մասը ազատագրվել է Հայաստանի կապիտուլացիայից հետո՝ առանց մեկ կրակոցի»:
Ալիևը վերստին պնդել է, թե 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին «տարբեր արտաքին շրջանակներից առաջ էին քաշվում տարբեր նենգ նախաձեռնություններ»:
«Դրանցից ոչ մեկը նշանակություն չուներ, քանի որ մենք ասում էինք՝ երկաթե բռունցքը տեղում է», - ասել է նա։
Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջում հրապարակված տեքստի՝ Ալիևն իր այդ ելույթում որևէ խոսք չի ասել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման, խաղաղության գործընթացի մասին։