Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն առաջարկում է 60-օրյա զինադադար Գազայում․ Reuters


Գազան հարվածներից հետո, 7-ը հոկտեմբերի, 2025թ․
Գազան հարվածներից հետո, 7-ը հոկտեմբերի, 2025թ․

ԱՄՆ-ն առաջարկում է 60-օրյա հրադադար Գազայի հատվածում, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ ուրբաթ օրը ծանոթացել է հրադադարի մասին ԱՄՆ ծրագրին։

Ըստ այդմ՝ առաջարկվում է 60-օրյա զինադադար և առաջին շաբաթվա ընթացքում 28 ողջ և մահացած իսրայելցի պատանդների, ինչպես նաև 125 ցմահ դատապարտված պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում և 180 զոհված պաղեստինցիների աճյունների հանձնում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, միջնորդներ Եգիպտոսի և Կատարի երաշխավորած ծրագրով նախատեսվում է նաև օգնություն ուղարկել Գազա՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո:

Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հումանիտար օգնությունը Գազա կհասցվի ՄԱԿ-ի, Կարմիր մահիկի և այլ համաձայնեցված ուղիներով։

Ծրագիրը նախատեսում է, որ «Համաս»-ն ազատ կարձակի վերջին 30 պատանդներին, երբ մշտական հրադադարն ուժի մեջ մտնի:

Սպիտակ տունը մայիսի 29-ին հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ մասին խոսել է իսրայելցի պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ համաձայնագիրը ներկայացրել է նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը Reuters-ին հայտնել է, որ ծրագիրն ուսումնասիրում է և դրան կպատասխանի ուրբաթ կամ շաբաթ օրը։

Ծայրահեղական «Համաս»-ի և Իսրայելի միջև խորը տարաձայնությունները խափանել են մարտին տապալված հրադադարի վերականգնման նախորդ փորձերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG