Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյանն, ըստ «Հայաստան» խմբակցության, չի կարող լինել ՍԴ անկախ անդամ


Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուի առաջադրումից ժամեր անց ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը բացառում է Փաշինյանի կաբինետի թեկնածուի շուրջ համախմբումը: Արտակ Զեյնալյանն, ըստ պատգամավորի, չի կարող լինել ՍԴ անկախ անդամ մի քանի պատճառով:

Զեյնալյանը Երևանի քաղաքապետարանում իշխող ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր, ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է, 2018-2019 թվականներին Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ պատգամավոր է եղել։ Նա նաև ՄԻԵԴ-ում գերիների շահերն է ներկայացնում, «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խմբի՝ «Եվրաքվե»-ի ներկայացուցիչ է:

«Արտակ Զեյնալյանը միշտ մասնակցել է ընտրական պրոցեսներին, հիմա ավագանու անդամ է, տարատեսակ հարցերի հետ կապված արտահայտել է իշխանությունից չտարբերվող կարծիք: Այս պայմաններում ինքը չի կարող լինել օբյեկտիվ: Մենք, բնականաբար, դեմ ենք քվեարկելու», - ասաց Ագնեսա Խամոյանը:

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը բարձր դատարանի դատավորի պաշտոնին հավակնող Արտակ Զեյնալյանի թեկնածության վերաբերյալ ճշտել այսօր չհաջողվեց: Իշխող ՔՊ-ից ասացին՝ թեկնածության հարցով քննարկում չի եղել: Պետաիրավական հանձնաժողովը ղեկավարող Վլադիմիր Վարդանյանը, սակայն, էական չի համարում այն, ինչ է թեկնածուն արել մինչև պաշտոնը ստանձնելը, կարևորում է այն, ինչ կանի հետո:

«Եթե վերլուծեք եվրոպական երկրների փորձը, ապա կտեսնեք, որ շատ դեպքերում քանի որ խոսքը ՍԴ-ի մասին է, ապա այստեղ ոչ միայն համալսարանական գիտնական, պրոֆեսորներն են որպես կանոն ընդգրկվում, այլ նաև նախկին պատգամավորներ, նախկին դատավորներ և այլն», - ասաց նա:

Չնայած Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունից փոխանցեցին՝ Արտակ Զեյնալյանը դեռ անցած շաբաթ՝ մինչև թեկնածության առաջադրումն է դադարեցրել անդամակցությունը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Խամոյանը կարծում է՝ գաղափարերից անդամակցություն դադարեցնելով չես հրաժարվի:

Բարձր դատարանի դատավորին օրենքով է արգելված լինել կուսակցական:

Ինքը Զեյնալյանն այս պահին նպատակահարմար չհամարեց արձագանքել իր թեկնածության շուրջ քննարկումներին, ասաց՝ որպես թեկնածու պատրաստ է և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր խմբակցություններին հանդիպել:

Արտակ Զեյնալյանը դեռ 2 տարի առաջ էր հայտարարել իր նախապատվության մասին, որ իրեն տեսնում է ՍԴ դատավորի պաշտոնում, երբ չընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր: ՍԴ այժմ դատավորի մեկ թափուր տեղ կա, թեկնածուին ընտրում է Ազգային ժողովը: «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի բավարար ձայներ, եթե որոշի ընտրել Զեյնալյանին: Առաջիկայում ընդամենը մեկ հերթական քառօրյա կա, ու պատգամավորները կգնան հանգստի: Չնայած այս ընթացքում արտահերթեր կարող են լինել, իսկ Զեյնալյանի թեկնածությունն ամռանը, թե աշնանը կքննարկվի, դեռ անհայտ է:


Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG