Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել տրանսպորտային միջոցի մասերի կամ սարքավորումների, տվյալ դեպքում համարանիշների, հայելիների կամ լուսարձակների գողության համար նախատեսված պատիժը և ոչ մեծ ծանրության հանցանքից այն դարձնել միջին ծանրության: Համապատասխանաբար այդ հանցանքը կատարած անձինք կպատժվեն ավելի խիստ պատժաչափերով:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն, այսօր խորհրդարանում հիմնավորելով իրենց առաջարկը, նշեց, որ այս արարքն ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն:
ՆԳՆ փոխանախարարի խոսքով՝ վերջին շրջանում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշտ անհանգստացողներից, և այդ իսկ պատճառով պետության արձագանքը պետք է լինի համարժեք, հետևաբար առաջարկում են այս մասով Քրեական օրենսգրքում լրացում կատարել և խստացնել պատիժը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարցի քննարկման ժամանակ նկատեց, որ ժողովրդի մեջ կարծիք կա, թե այդօրինակ հանցագործությունները ոստիկանության կողմից կա՛մ անտեսվում են, կա՛մ ինչ-որ մարդկանց կողմից հովանավորվում:
«Այդ խոսույթը շատ վտանգավոր է»,- նշեց խորհրդարանի խոսնակը:
«Ավտոմեքենաների մակնիշ կա, որ այն ունենալը դառնում է անեծք: Եթե դու ունես «Պորշ Կայեն», քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն երբևէ չի ապահովագրի, քանի որ 90 տոկոս պարագայում որտեղ կանգնեցնես՝ տանելու են:
Քանի՞ դեպք ունենք, որ բռնվել են այդ մարդիկ»,- հարցրեց Սիմոնյանը:
ՆԳ փոխանխարարն ասաց, թե կատարված հանցագործություների 30 տոկոսի չափով հայտնաբերված անձինք ունեն: Բայց խնդիրը, ըստ նրա, այլ տեղ է: Ոստիկանությունը հայտնաբերում է գողություն կատարած անձին, որը հետո ազատ է արձակվում ու հետո 30 անգամ կրկին գողություն է կատարում: Հետևաբար, Արմեն Մկրտչյանի համոզմամբ՝ այս հանցագործության համար պատիժը ծանրացնելով հակված են մտածել, որ ավելի խիստ խափանման միջոցներ կկիրառվեն:
Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցանքները դասակարգվում են չորս խմբի`ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր: Ոչ մեծ ծանրության հանցանքների համար նախատեսված է ազատազրկման հետ չկապված պատիժ կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում:
Միջին ծանրության հանցանքների համար առավելագույն պատիժ է սահմանվում 5 տարի ժամկետով ազատազրկումը: