Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովի նիստը, որտեղ պիտի քննարկվեր զինվորական ծառայության նախագիծը, հետաձգվեց


ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ նվազագույն ժամկետներով ծառայելու օրինագիծը, հետաձգվեց:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ դեռ պիտի քննարկվի նախագիծը, և որ նաև հանրային արձագանքն է պատճառը, որ որոշել են նորից քննարկել ու փոփոխություններ անել:

Այսօր Ազգային ժողովում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ Խաչատրյանի՝ նախարարությունն էլ առաջարկներ ունի: Թե ինչ առաջարկներ է արել ՊՆ-ն, դեռ չեն հրապարակում: Միաժամանակ նախագծից չեն հրաժարվում՝ այն համարելով կարևոր ու անհրաժեշտ:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանն ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է, քանի որ խմբակցության մի քանի անդամ չէր կարողացել ներկա գտնվել: Սակայն, նրա խոսքով՝ արտահերթ նիստ կհրավիրվի մինչև հունիս, որտեղ էլ կքննարկվի այն, իսկ հունիսի երկրորդ կեսին՝ արդեն 2-րդ ընթերցմամբ կքննարկվի: Նման դեպքում, նախագծի հեղինակի ներկայացմամբ, փաթեթը այս տարի զորակոչվող զինծառայողների վրա արդեն կարող է տարածվել:

«Սա կարևոր է, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր պլանավորել էին, որ պետք է հրաժարվեն իրենց քաղաքացիությունից մինչև կցագրվելը բանակում, և նրանց երեխաները, որ 9-10 տարեկան էին, և նրանք չէին շտապում հրաժարվելու քաղաքացիությունից, լսելով օրենսդրական նախաձեռնության մասին, կան ազդակներ, որ շատերը փորձում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ինչը մենք պետք է թույլ չտանք», - ասաց նա:

Ճշտմանը, թե բավականաչափ թվով կողմ քվեարկողներ չկային այսօր հանձնաժողովում, այդ պատճառո՞վ նիստը հետաձգվեց, Հայկ Սարգսյանը դրական պատասխանեց:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, ընդգծելով, որ հետամուտ են լինելու, որ փողով բանակից ազատվելու հարցը ընդմիշտ դուրս գա օրակարգից:

Նախագծով առաջարկվում է մեկ ամիս ծառայելու համար՝ 24 միլիոն, չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ վճարել: Կառավարությունը հավանություն է տվել մեծ աղմուկ հանած օրինագծին:

Մանրամասներն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG