Չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում, այսօր «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ դրա քննարկումը Երևանի համար բացառված է, ինչն ըստ վարչապետի՝ իրավաչափ դիրքորոշում է:
Խոսելով Բաքվի մյուս պահանջի՝ Սահմանադրությունը փոխելու մասին, վարչապետը նշել է, որ եթե ՀՀ սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ:
«Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին ունենալ երկու փաստաթղթեր ու ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին, նույն վայրում»,- վերստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։