Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել մինչև 150 միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական ներդրումային ծրագրի՝ SAFE-ի շուրջ։ Այս մասին ասված է կառույցի հաղորդագրությունում։
Ծրագիրը մասնավորապես կֆինանսավորի զենքի և զինամթերքի արտադրությունը, ինչպես նաև ԵՄ-ի պաշտպանության համար կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանությունը։
Անդամ երկրներից բացի, այլ պետություններ ևս, այդ թվում՝ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան կարող են գումար ստանալ այդ ծրագրից։
Գումարը կօգտագործվի զինամթերքի, հրթիռների, հրետանային, ՀՕՊ համակարգերի դրոնների արտադրության, արհեստական բանականության և տիեզերական արդյունաբերության զարգացման համար։ Ապրանքների մեծ մասը պետք է արտադրվի ԵՄ-ի ներսում։
SAFE ծրագիրը ԵՄ երկրների վերազինման լայնածավալ ծրագրի առաջին փուլն է, որն ընդունվել է Ուկրաինայում պատերազմի և Վաշինգտոնի կողմից արտասահմանում ռազմական ներկայությունը կրճատելու քաղաքականության ֆոնին։ Վերազինման ծրագրի ընդհանուր արժեքը մի քանի տարվա ընթացքում կարող է հասնել 800 միլիարդ եվրոյի: