Երևանի քաղաքապետարանը ծրագրում է ավելացնել կենտրոնում միայն ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի ուղիները` մյուս տրանսպորտային միջոցների հաշվին: Հանրային տրանսպորտին առավելություններ տալու համար հաջորդ ամիս Մաշտոցի պողոտայում այժմ էլ առանձնացված գիծը կշարունակվի Խորենացի փողոցով, ապա Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցներով կհասնի Հաղթանակի կամուրջ: Սպասվող փոփոխությունները նախօրեին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էր ներկայացրել:
Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գիծը ավտոբուսների համար առանձնացվեց մի քանի ամիս առաջ, կարգը, սակայն, ամբողջությամբ չի պահպանվում: «Ազատության» նկարահանումների ընթացքում մի շարք խնդիրներ նկատեցինք՝ հաճախ կարմիր գծերում կայանած մեքենաների ելումուտն է խանգարում, քիչ չեն նաև երկրորդ գծում կայանողները, թեթև մարդատարների վարորդները երբեմն այդ գիծ են մտնում, ավտոբուսներն էլ իրենց հերթին մյուս գծերով են երթևեկում: Չնայած այս խնդիրներին, հանրային տրանսպորտի շարժն այս ընթացքում Մաշտոցի պողոտայում թեթևացել է:
Նախատեսում են արգելել նաև Խորենացի փողոցում կայանելը, որպեսզի երկու ուղղություններով էլ ավտոբուսի գիծն աշխատի: Թերի չե՞ն արդյոք այս փոփոխությունները, երբ մի կողմից կայանելն են արգելում ու տրանսպորտի համար գծեր առանձնացնում, մյուսից՝ չեն ավելացնում ավտոբուսների քանակը: Ինչպե՞ս են պաշտոնյաներն առաջարկելու մարդկանց թողնել իրենց անձնական մեքենաներն ու տրանսպորտով Կենտրոն գնալ, երբ ավտոբուսների թիվը հիմա էլ բավարար չէ, պիկ ժամերին ասեղ գցելու տեղ չկա, այս հարցերի պատասխանները այսօր չստացանք, քաղաքապետարանից փոխանցեցին, որ տրանսպորտի վարչության պետն այս շաբաթ հարցազրույց տալ չի կարող:
Քաղաքային իշխանություններն ընդունում են՝ ավտոբուսների քանակն առայժմ բավարար չէ.
«Այն, որ խնդիր ունենք, այո, դրանից խուսափել չենք կարող, դրա համար է, որ այս տարի նախատեսում ենք ևս 45 տրոլեյբուս բերենք, և քննարկումներ կան, նաև 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին ենք հայտարարել» , - ասաց քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Այս փոփոխությունների շուրջ քաղաքացիները տարբեր կարծիքներ ունեն:
Դրանք հունիսին են նախատեսված, քաղաքապետարանից դեռ չեն հստակեցնում՝ այդ հատվածում տրանսպորտի երթուղիները կփոխվեն, թե ոչ: Այժմ բազմաթիվ ավտոբուսներ Հաղթանակի կամուրջ են հասնում Փակ շուկայից սկսվող թունելով, որը պիկ ժամերին խցանվում է: Արդյոք այս ավտոբուսները առաջարկվող տարբերակով կշրջանցեն խցանումը, թե ոչ, դեռ պարզ չէ, քաղաքապետարանից ասացին՝ այժմ տարբերակներ են քննարկում ու վերջնական որոշում չունեն:
Ի դեպ, Մաշտոցի պողոտայում ավտոբուսների համար առանձնացված գծի վրա կայանում ու հանրային տրանսպորտի շարժը խոչընդոտում են նաև երկրի առաջին դեմքերը: Վերջերս նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էր այնտեղ Ազգային ժողովի նախագահին սպասարկող մեքենան նկատել:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.