Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց արդեն ծրագիր ունի


Քաղաքական զարգացումներին վերջին տարիներին կողքից հետևող «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը թեև դեռ որոշում չունի մասնակցելու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին, բայց փոխարենն ունի նախընտրական ծրագիր: Անունն էլ է որոշել՝ «Առաջարկ Հայաստանին»:

«Դեռ շուտ է այդ մասին խոսելը, որովհետև ահագին ժամանակ կա, ու շատ բան կարող է փոխվել: Բայց եթե մասնակցեմ, մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվելու է «Առաջարկ Հայաստանին», - ասել է Ծառուկյանը:

Իր ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարում էր, թե չնայած հավակնություններ չունի վարչապետի պաշտոնին, բայց բացահայտեց իր նոր քաղաքական գաղափարը՝ ինքը կհամախմբի տարբեր մասնագետներին, որոնք կօգնեն Հայաստանը հանել ստեղծված վիճակից: Դա, ըստ 68-ամյա Ծառուկյանի, կարող է իրականություն դառնալ վերկուսակցական ճանապարհով:

«Վարչապետի պաշտոնին ես հավակնություն չունեմ, ես պատրաստ եմ կազմակերպվելու, համախմբելու, ներկայացնելու, ամբողջ աշխարհի մեր հայությանը, սփյուռքահայությանը, տեղի հայությանը, իրենցից անհրաժեշտ խորհուրդներ լսելու, ծրագրերին մասնակից լինելու, կազմակերպելու», - նշել է ԲՀԿ առաջնորդը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ 2024-ին անցկացրած հարցումներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած կուսակցությունը բարելավել է իր վարկանիշը: Եթե 2021-ին ԲՀԿ-ն երրորդ տեղում էր, այժմ՝ երկրորդ:

«Երկիրն այն վիճակին է, որ ոչ մի կուսակցություն չի կարող մենակ այս վիճակից հանել՝ ուզում է հինը լինի, ուզում է նորը լինի: Անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծել, համախմբել գաղափարը, միտքը», - ասել է Գագիկ Ծառուկյանը:

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժի ղեկավարն իր 26 րոպեանոց հարցազրույցում թեև քննադատեց Հայաստանում ստեղծված իրավիճակը, բայց գործող իշխանություններին ուղիղ չանդրադարձավ:

Անցած սեպտեմբերին էլ հայտարարել էր, թե չի միավորվի որևէ ուժի հետ, չի աջակցի որևէ շարժման, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Թեև մեկ տարի առաջ, երբ Գալստանյանը նոր էր սկսել անհնազանդության ակցիաները, Ծառուկյանը նրան հյուրընկալել էր իր հարկի տակ:

Տևական ժամանակ լռություն պահպանած Ծառուկյանը հարցազրույցում չշրջանցեց հայ-ռուսական լարվածության, Փաշինյանի թիմի՝ Եվրամիության հետ մերձենալու թեմաները, բայց կրկին՝ առանց քննադատելու իշխանականներին: ԱՊՀ երկրների տարածքում խոշոր բիզնես ծավալող գործարարն ընդգծեց՝ Հայաստանի համար կարևոր է թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը:

«Չի նշանակում, որ պետք է մենք Եվրոպայի, Ամերիկայի հետ հարաբերությունները փչացնենք: Մեր գործընկերը Ռուսաստանն է, պետք է ամրապնդենք, հզորացնենք, ամրապնդենք, անվտանգությունը, տնտեսությունը զարգացնենք և Ամերիկայի հետ էլ, Եվրոպայի հետ էլ շփվենք», - նշել է նա:

2020 թվականին Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատում էր իշխանություններին իր ու իր բիզնեսների դեմ հարուցված քրեական գործերից հետո, որոշ ժամանակ կալանքի տակ անցկացրեց, պատերազմից հետո միացել էր վարչապետի հրաժարականի պահանջին:

Քրգործը, որով նա մեղադրյալ է, դեռ քննվում է դատարանում, ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար:

Բացի քրեական գործից, Ծառուկյանը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Գլխավոր դատախազությունը նրա ունեցվածքը որակել է ապօրինի:

Ծառուկյանն ինքը իրավիճակ չի փոխելու. քաղաքական մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, որ դիտել է երեկվա հարցազրույցն, ընդգծում է՝ Ծառուկյանն, ըստ ամենայնի, խոսում էր քաղաքական գործընթացներում ակտիվանալու մասին, բայց արդյոք դա կլինի ԲՀԿ-ով, թե այլ դիրքավորմամբ, դեռ պարզ չէ:

«Գագիկ Ծառուկյանն ինքը, բնականաբար, իրավիճակ չի փոխելու: Գագիկ Ծառուկյանը փորձելու է ադապտացվել իրավիճակին ու այդ իրավիճակում ունենալ իր մասնաբաժինը` իրեն առավել պաշտպանված զգալու համար: Հիմա հարցն այն է, առավել պաշտպանված զգալու համար ինչ դիրքավորում կպահանջվի իրենից: Ես կարծում եմ՝ այս խնդիրն է, և այստեղ է, որ իրավիճակը պայմանավորված է լինելու շատ ավելի լայն գործոններից», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Բադալյանի կարծիքով՝ Ծառուկյանը դիրքավորվում է ըստ քաղաքական գործընթացների, և այդ ճանապարհին փորձելու է պաշտպանել իր ունեցվածքը:

«Բանական է՝ այստեղ Գագիկ Ծառուկյանը տեղավորվելով նոր իշխանության ձևավորած հասարակական, քաղաքական, տնտեսական միջավայրում, այդուհանդերձ նաև իր հարաբերությունների հետագիծն է ունեցել առնվազն ընդդիմադիր դաշտում գերակա նախկին նախագահների հետ հարաբերության տեսանկյունից: Այս ամբողջի հանրագումարում ինչպիսին կլինի կոնկրետ վարքագիծը, շատ դժվար է ասել», - ընդգծեց նա:

Մյուս կողմից, ըստ Բադալյանի, իշխանություններին Ծառուկյանի դերակատարությունը չի խանգարում: Նրա դատական գործերը, այդ թվում՝ հնարավոր նոր գործերը Փաշինյանի թիմի ձեռքում իրավիճակի հանդեպ վերահսկողության գործիք են: Թե դրանք ինչպես կաշխատեն, այլ հարց է, կարևորն այն է, թե կոնկրետ որ դաշտում կդիրքավորվի Գագիկ Ծառուկյանը:


XS
SM
MD
LG