Սննդամթերքի ավելի քան 5 տոկոսանոց թանկացում ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: 2023-ի գարնանից ի վեր վերջին ամիսներին Հայաստանում ամենաբարձր գնաճն է արձանագրվում. փաստը չի վրիպում նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, օրինակ, Համաշխարհային բանկի ուշադրությունից:
Ամենաշատ թանկացած ապրանքը կարտոֆիլն է, խանութներում մեկ կիլոգրամի գինը հասնում ու նույնիսկ անցնում է 400 դրամը, 2024-ի ապրիլի համեմատ անցած ամիս կարտոֆիլը վաճառվում էր շուրջ 50 տոկոսով ավելի բարձր գնով: Թանկացած ապրանքների շարքում հաջորդը ձուկն է, անցած տարվա ապրիլի համեմատ գինն աճել է շուրջ 22 տոկոսով:
Ցանկը շարունակելի է, սուրճը թանկացել է ավելի քան 17 տոկոսով, ձեթն ու կարագն ավելի քան 10, շոկոլադը շուրջ 14 տոկոսով: Թանկացել են նաև մրգերը:
Երկու տարվա դադարից հետո թանկացումների նոր ալիքն արդեն հարվածել է քաղաքացիների դրամապանակներին:
Թանկացումներին զուգահեռ տարվա առաջին ամիսներին դանդաղել է Հայաստանի տնտեսության աճը, պասիվացել արտաքին առևտուրը: Գործազրկության վիճակագրությունն էլ, չնայած այն կրճատելու կառավարության խոստմանը, վատթարանում է: Ըստ Համաշխարհային բանկի՝ 2024 թվականին գործազրկության մակարդակը 13.9 տոկոս է կազմել՝ 2023-ի 12.4-ի դիմաց:
Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին զեկույցի՝ այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մոտ 5.3 միլիարդ դոլարի է հասել: 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունն աճել է 5.2 տոկոսով: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հունվար-մարտ ամիսներին մոտ 690 հազար դրամ է կազմել կամ շուրջ 1800 դոլար:
Հեղինակավոր մեկ այլ կառույցի՝ արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն այս տարի կզիջի Վրաստանին, բայց կգերազանցի Ադրբեջանին: Սակայն գնողունակության համարժեքությամբ իրականացված հաշվարկով, այսինքն նաև գները հաշվի առնելով՝ Հայաստանը կզիջի երկու հարևաններին էլ:
Թանկացումները, սակայն, ոչ բոլորին են մտահոգում, ձեթը թանկացել է, հոգ չէ, ասում է բնակիչներից մեկը. - «Ձուն գցում ես ձեթի մեջ, մի գցի ձեթի մեջ, մի քիչ ջուրդ տաքացրա, մի քիչ, մի գդալ աղ և մի գդալ քացախ, ձուն ջարդի գցի մեջը տես ինչ ա լինում»: