Գործադիրն այսօր պետական շենքերը, այդ թվում` Կառավարության շենքը, ուսումնական ու առողջապահական բոլոր հաստատությունները, բացառապես վարձակալությամբ տալու մասին նախագծին հավանություն տվեց: Ըստ նախագծի՝ վարձակալության գումարները կվճարվեն պետբյուջեից, այսինքն՝ պետությունը ինքն իրեն կվճարի պետական շենքերի համար սահմանված վարձակալության դիմաց: Վճարված գումարներն էլ դարձյալ կգնան պետական բյուջե:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց՝ անում են «ֆինանսական հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու համար»:
«Հիմա, լավ, ենթադրենք, հիմա Կառավարության շենքը վարձակալում ենք և վճարում ենք ո՞ւմ, վճարում ենք Պետական գույքի կառավարման կոմիտեի՞ն: Հիմա, չէինք վճարում, վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում», - հարցրեց վարչապետը:
«Պարոն վարչապետ, գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում էդ գույքերի օգտագործման կորոշվի: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ են էնպիսի գույքերը, որոնք չեն օգտագործվում, մասնակի են օգտագործվում», - արձագանքեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի պնդմամբ՝ նախագիծը մի քանի նպատակ ունի, առաջինը պետական հաստատությունների համար արվող ծախսերի ճշգրտումն է. - «Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որպեսզի մենք բոլորս իմանանք, թե ցանկացած գերատեսչություն, որովհետև գույքի վարձակալությունը կամ զբաղեցումը նույնպես ծախս է, մենք իրականում ինչպիսի ծախսեր ենք անում: Որովհետև էդ ծախսերը էսօր արտացոլված չեն մեր բյուջեում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ երկրների օրինակները բերեց ու նշեց, թե այստեղ պետական շենքը որպես ծախս որևէ տեղ չի երևում, ու դա ոլորտի համար պետական ներդրում չի համարվում. - «Օրինակ՝ Լիտվայում կրթության վրա ծախսվում է ՀՆԱ-ի էսինչ տոկոսը, և մենք ասում ենք՝ դե եկեք բյուջեն մեծացնենք, կրթության վրա ծախսում է ՀՆԱ-ի էսինչ տոկոսը, մերը դրա կեսն է կամ դրա 10 տոկոսն է կամ դրա 5 տոկոսն է: Բայց հիմա որ հետ գնանք ուսումնասիրենք կառուցվածքը, կարող է պարզվի՝ էդ ՀՆԱ-ի էդ տարբերվող տոկոսի 70 տոկոսը հենց շենքերի վարձակալության գումարն է: Ու մենք անընդհատ չենք կարողանում քաղաքականություն վարենք»:
«Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է, թե պետությունները որքան են ծախսում կրթության վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հորդորն է՝ կրթության համար ներդնել համախառն ներքին արդյունքի առնվազն 4-6 տոկոսը: Մինչդեռ Հայաստանում վերջին տարիների միջին ցուցանիշով դեռ ՀՆԱ-ի 2.5 տոկոսն է միայն տրամադրվում կրթությանը, ասում է հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Մարտիրոսյանը:
«Դպրոցների շենքերի համար վճարներ սահմանելով և հավելյալ ծախս ցույց տալով՝ այսպիսով Կառավարությունը փորձում է ավելի քան 1350 դպրոցի գույքի ծախսն արհեստականորեն տեղավորել ՀՆԱ/կրթություն հարաբերակցության մեջ, և այս դեպքում կստացվի, որ ՀՆԱ-ի շատ մեծ մաս հատկացվում է շենքերին: Բայց մեր ուսումնասիրած Եվրամիության երկրներում, որոնց զարգացածության հիմքում բարձրորակ կրթությունն է, պետությունը գումար չի խնայում կրթության որակի ապահովման ուղղությամբ՝ հետազոտություններ են արվում, թեստագիրներ են պատրաստվում, առողջ սնունդ են տրամադրում ոչ միայն տարրական, ինչպես Հայաստանում է, այլև միջին և բարձր դասարաններում: Այսօր մեր երեխաները ութ ժամ սոված են մնում դպրոցում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մարտիրոսյանը:
Մինչդեռ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի այսօրվա մտահոգությունն այլ էր: Նախարարը, ով համակարգում է 1352 դպրոց, առաջարկեց խորհրդարանում քննարկելիս հաշվի առնել՝ արդյոք այս նախագիծն անհարկի վարչարարություն չի նշանակում, ու արդյոք բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի դառնա այն:
«Իմ տպավորությամբ՝ մենք վարչարարություն ենք գեներացնելու լրացուցիչ, մենք էսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները, օրինակ, չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել, և ուսումնական հաստատությունների արդյունավետության նաև էդ տեսանկյունից խնդիր ենք ունենում», - նշեց Անդրեասյանը:
Կառավարության մյուս անդամները հակադարձեցին՝ նախագիծը լավն է ու կարևոր: Խուդաթյանը հղում արեց Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի փորձին՝ ընդգծելով, որ նախագծի նպատակն է բարձրացնել «թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը»:
Ըստ վարչապետի, սա նաև սոցիալ-հոգեբանական հիմնավորում ունի. - «Ընդհանրապես անվճար, ձրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի մի հատ ճշգրտենք: Որովհետև նախ՝ ոչ մի բան անվճար չի, բացարձակապես ոչ մի բան անվճար չի, կամ էն, ինչ որ անվճար է, նշանակում է՝ ինք ըարժեք չունի; Բայց էս շատ կարևոր է նաև պետության և պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք՝ ամեն ինչը արժեք ունի: Էն որ մենք էս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի, գին ունի կոնկրետ, մի ժամ էս աթոռի վրա նստելը կոնկրետ գին ունի, և էդ գինը վճարվում է»:
Քննարկումների արդյունքում որոշումն ընդունվեց, և օրենքի նախագիծը փոխանցվելու է Ազգային ժողով՝ մանրամասն քննարկման համար: Բարեփոխումը նախատեսում է տարիների ընթացքում փուլային անցում՝ շեշտելով արդյունավետության բարձրացումը, թափանցիկությունը և պետական ռեսուրսների ճիշտ գնահատումը, պնդում էին Կառավարության անդամները: