22 տարվա դատավոր Արտուշ Գաբրիելյանի քրեական գործի քննությունը մեկ ամսում Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել ու դիմել է Գլխավոր դատախազությանը, որ մեղադրականը հաստատեն և ուղարկեն դատարան:
«Եթե անձի դատապարտումը մեծապես հավանական չհամարեր վարույթն իրականացնողը, չէր կազմի մեղադրական եզրակացությունն, ու քրեական վարույթը չէր ուղարկվի Դատախազություն՝ դատարան ուղարկելու նպատակով», - «Ազատությանն» ասաց 10 հազար դոլար կաշառք ստանալու հոդվածով մեղադրվող դատավորի գործը քննող ավագ քննիչ Գևորգ Հովհաննիսյանը:
«Կատարվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես՝ ներքին դիտում, արտաքին դիտում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են կատարվել, և դրանց արդյունքները այնքան ցայտուն էին, անձի կողմից կաշառք պահանջելու հանգամանքը այնքան ակնհայտ էր, որ չեմ գտնում, որ ապացույցներ չկային, հիմնավորումները նշեցի», - շարունակեց քննիչը:
Ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ Հակակոռուպցիոնի, դեռ 2010 թվականից եղել է ապօրինի թմրամիջոցների շրջանառության մի գործ՝ իր մեղադրյալներով: Դեռ այն ժամանակ գործը կասեցվել է մեղադրյալներից մեկի հիվանդության պատճառով: Արդեն 2023-ին նոր օրենքի պահանջով դատավարությունը վերսկսվել է: 15 տարվա այս գործի վաղեմության ժամկետը պետք է լրանար այս տարվա հուլիսին: Եվ որպեսզի մեղադրյալն ազատվի քրեական հետապնդումից, ըստ քննիչի, պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստերը ձգձգել, մինչև գա հուլիսը:
«Էդտեղ լսվում է, որ դատավորը իրեն օժանդակող անձի միջոցով պահանջն է ներկայացնում, որպեսզի ժամկետները ձգձգելու արդյունքում հասցնի վաղեմության ժամկետն անցնելուն», - նշեց քննիչ Հովհաննիսյանը:
Հենց այս քրեական գործի շրջանակում կասեցվեցին երկարամյա դատավորի լիազորությունները: Այժմ Գաբրիելյանը, քննվող գործով մեղադրյալ Զոհրաբ Սիխարուլիձեն, ինչպես նաև դատավորի ընկերը կալանավորված են: Հակակոռուպցիոնի ավագ քննիչ Գևորգ Հովհաննիսյանը պնդում է, թե իրենց հաջողվել է բազմաթիվ ապացույցներ հավաքել, լսել են հեռախոսային խոսակցությունները, իրականացրել են գաղտնի ձայնագրություններ. - «Ինչպես գումարի պահանջի մասին կա խոսակցություն, այնպես էլ երևում է, թե կաշառք տվողը ինչ ճանապարհով է հայթայթում կաշառքի առարկան, ընկալելի է, թե ինչպես է դատավորը օժանդակող անձին ներկայացնում, որ «դեռևս ձգում եմ»:
Քննությունը ցույց է տվել, որ երկարամյա դատավորը, որպեսզի ձգձգի նիստերը, Դատախազությանը չի ծանուցել գործը վերսկսելու մասին և առանց Դատախազության իմացության նիստեր է նշանակել, որոնք, բնականաբար, չեն կայացել:
«Դատախազությունում ենթադրաբար չեն էլ իմացել, որ քրեական գործով վարույթը վերսկսվել է», - ասաց Հովհաննիսյանը:
Նաև ձգձգել է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը փորձագետներին ուղարկելու հարցը: Ինչո՞ւ հիմա հետաքրքրվեցին Արտուշ Գաբրիելյանով, ավագ քննիչ Հովհաննիսյանն ընդգծում է՝ օպերատիվ-հետախուզական գործողությունները գաղտնի են, մանրամասներ չի կարող ասել: Ըստ քրեական գործի, մեղադրյալից 10 հազար դոլարը վերցրած դատավորի ընկերը նրան գումարը չի փոխանցել: Գուցե փորձել են խուսափել իրավապահներից, ապահովագրել են իրենց, նկատում է քննիչն ու միաժամանակ նշում՝ Գաբրիելյանի դեմ ուղիղ ցուցմունք, որ կաշառք է ստացել, չկա: Եթե կաշառքը նրան չի հասել, դա դեռ չի նշանակում, որ հանցանք չի գործել: Պահանջելը ևս արգելված է օրենքով:
«Ինձի ո՞վ կարա տապալի գեդին, ես եմ սաղ կյանքում բոլորին տապալել, էղա՞վ, վե՛րջ: Իյա՜». - կալանավորվելուց առաջ լրագրողներին ընդամենը այս պատասխանն էր տվել Արտուշ Գաբրիելյանը: Նա և մյուս երկու մեղադրյալները հրաժարվում են ցուցմունք տալուց: Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ իր պաշտպանյալը չի ուզում որևէ հրապարակային խոսք ասել: Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էր հերքել մեղադրանքը:
«Ի սկզբանե մամուլի տեղեկությունները այն էր, որ կաշառք է ստացել, ես ուզում եմ դա՛ հերքել, որ ոչ, չի ստացել: Իսկ եթե համաձայնությունը տվել է, թե՝ ոչ, պնդում, որ պարոն Գաբրիելյանը որևէ հանցակազմի հետ կապ ունի, և՛ գլխավոր դատախազի, և՛ տեղակալի կողմից չեն փաստարկվել», - հայտարարել էր Կոչուբաևը:
Փաստաբանը նաև ասել էր, որ կա հեռախոսային խոսակցություն, որից, ինչպես պնդել էր, պարզ չէ՝ կաշառքի մասի՞ն է խոսքը, թե՞ ոչ, դրանք կոնտեքստից կտրված խոսքեր են. - «Մեր գնահատմամբ՝ բացառապես բամբասանքներ, կցկտուր հեռախոսային խոսակցություններ՝ առանց առարկայացման, թե ով ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել: Կոնտեքստից առանձին խոսակցություններ են բերվել»:
60-ամյա Գաբրիելյանը Վարդաշենի բանտում է, որտեղ սովորաբար պահվում են նախկին կամ ներկայիս պաշտոնյաները: Մեղքը հաստատվելու դեպքում 22 տարվա դատավորը կարող է ազատազրկվել 7-12 տարի ժամկետով: