Մատչելիության հղումներ

Փաշինյանը պնդում է՝ եկեղեցիները չուլանացված են. Սյունիքից արձագանքում են՝ եթե շինարարություն է, շինանյութը որտե՞ղ պիտի լիներ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում կիսվեց իր տպավորություններով։ Վերջերս եկեղեցիներ է գնացել մոմ վառելու ու այնտեղ տեսել ապրանքներ, որ սովորաբար չուլանում են լինում՝ անպետք իրեր։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված: Մեկ էլ գնում, տեսնում ես ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ», - ասաց նա:

Հոգևոր հաղորդակցության համար տաճար մտած վարչապետը աղբ է տեսել։

Փաշինյանին զայրացնում է այն, որ մարդիկ համալիրում հարսանիք անելն են անտեղի քննարկում, իսկ սրբավայրի աղբից չեն խոսում։ «Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ»- իր կաբինետին դիմեց վարչապետը։

Որ եկեղեցում է վարչապետը մահճակալ, կոշիկ ու «աբալովկի» հին կտոր տեսել, նրա մամուլի խոսնակը չհստակեցրեց, ասաց՝ երկրի ղեկավարը ընդհանրական է խոսել։ Փաշինյանը շեշտում է՝ մեկ-երկու բացառություն կա միայն, ամենուր չուլանացում է։

Անպետք իրերի պահեստի վերածված եկեղեցիների հասցեներ փորձեցինք գտնել վարչապետի ֆեյսբուքյան էջում՝ նրա այս թեմայով արված գրառման հարյուրավոր մեկնաբանություններում։

«Ամեն արժեք գնահատող, մանրուքներ նկատող մեր խելացի Վարչապետ, Աստծո շնորհը քեզ հետ լինի»։ Այս ժանրի քոմենթները պարբերաբար ընդհատվում են՝ «Էդ ո՞ր եկեղեցում է նման վիճակ» հարցով, ու հարյուրավորներից միայն մի օգտատեր է նշել, որ Մարմաշենի վանքում մուտքից աջ մոմավաճառի սեղանի մոտ կախված է պահակի հանգուցյալ հոր «կանաչ պլաշը»։ Ցավոք՝ այս փաստը ստուգել չհասցրինք։ Փոխարենը ուսումնասիրեցինք վարչապետի վերջին այցելությունները եկեղեցիներ։

Սյունիքի մարզի մի քանի սրբավայրերում էր Փաշինյանը, տիկնոջ հետ՝ Տաթև, Որոտնավանք, Մեղրիի եկեղեցիներ։ Կառավարական օպերատորի տեսախցիկը շատ կոկիկ կադրեր է ֆիքսել, մի տեղ շատ կարճ նկատվում է ճյուղին ծածանվող տոպրակ ու իսկապես արմատուրա։

«Ի՞նչ է սա», -«Ազատություն»-ը հարցրեց Սյունիքի թեմի առաջնորդին։

«Եթե այնտեղ շինարարություն է, բնականաբար ցեմենտի պարկեր էլ կլինեն, մետական կոնստրուկցիա էլ կլինի», - ասաց Սյունիքի թեմի առաջնորդ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը:

Շեշտեց՝ վարչապետական այցից տեղյակ չի եղել, բայց մամուլից իմացել է, որ նա մարզի 4 եկեղեցիներ է այցելել, դրանցից երեքն այս պահին նորոգվում են։ Որոտնավանքում էլ շինանյութ կա, տարածքն են բարեկարգում, տանիքը։

«Եկեղեցու ներսը շատ կոկիկ վիճակում է, իսկ տարածքում էլ շինարարություն է տեղի ունենում, և շինանյութը որտե՞ղ պետք է թաքցնեն», - հավելեց նա:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում, տեսանյութը՝ քիչ անց.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG