ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լրիվ խելագարվել է»՝ նախազգուշացնելով, որ եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի «կործանմանը»։ Սա Թրամփի ամենակտրուկ հրապարակային մեկնաբանությունն է Կրեմլի ղեկավարի հասցեին։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելագարվել է», - գրել է Թրամփը մայիսի 25-ի ուշ երեկոյան իր սոցիալական մեդիայի հարթակում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իր ռուս պաշտոնակիցն «անիմաստ կերպով սպանում է շատ մարդկանց»: Թրամփը հավելել է, որ ոչ միայն զինվորների մասին է խոսում։
«Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա՝ լիովին անհիմն», - շեշտել է նա:
Truth Social հարթակում այս գրառումը հրապարակվել է այն բանից հետո, երբ նա նման կերպ քննադատել էր Պուտինին նաև լրագրողների հետ զրույցում։
Թրամփն ասել է, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Ավելի ուշ սոցցանցում գրառման մեջ Նահանգների ղեկավարը նաև կոշտ քննադատություն է հնչեցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին՝ ասելով, որ նա «լավություն չի անում իր երկրին՝ խոսելով այդ ոճով»։
Ուկրաինայի նախագահը քննադատել էր Վաշինգտոնին՝ ռուսական հարձակումներից հետո «լռության» համար: