Մատչելիության հղումներ

Ցեմենտի ներկրումը թանկանում է. պետությունը քառապատկում է լիցենզավորման տուրքը


Ցեմենտի ներկրումը թանկանում է. պետությունը քառապատկում է լիցենզավորման պետական տուրքը՝ ներկայումս գործող 2000-ի փոխարեն 8000 դրամ սահմանելով յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման համար։ Սա ներկրման համար պահանջվող տուրքերից մեկն է:

Ազգային ժողովը քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները: Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանի խոսքով՝ բարձրացման հիմքում տեղական արտադրողի շահն է. ներկրվող ցեմենտի գնանկում է եղել, արդյունքում տեղական բիզնեսը դարձել է ոչ մրցունակ

«Այս տուրքը դնելով՝ չենք ենթադրում ցեմենտի գների ավելացում, ենթադրում ենք, որ այն լրացուցիչ գերշահույթը, որն իրականանում է ներմուծվող ցեմենտից, այդ գերշահույթը պետք է փակվի, և հնարավորինս մրցակցային պայմաններ ստեղծվեն արտադրողի և ներմուծողի միջև», - ասաց նա:

Ներմուծվող ցեմենտը տեղական գործարարների համար փակման վտանգ է առաջացրել, իսկ նոր մաքսատուրքը, ըստ փոխնախարարի, պետք է օգնի տեղական արտադրողներին մրցակցային դաշտում աշխատել:

«2023 թվականին Հայաստան է ներմուծվել 260 հազար տոննա ցեմենտ, աճը 2022 թ.-ի նկատմամբ 3,5 անգամ, նույն թվականին ՀՀ-ում արտադրված ցեմենտի 22.4 տոկոսն է կազմում։ 2024 թվականին նույնպես աճել է ցեմենտի ներմուծումը՝ շուրջ 65 տոկոսով», - ներկայացրեց փոխնախարար Զաքարյանը:

Տեղական ցեմենտի ինքնարժեքը 35-37 հազար դրամ է, ներմուծվողինը՝ մոտ 27 հազար 500: Արդյունքում, ըստ փոխնախարարի, տեղական արտադրությունը 2024 թ. կրճատվել է մոտ 7 տոկոսով, իսկ հարևան Իրանից ներմուծումն աճել է 72 տոկոսով:

Ցեմենտը ռազմավարական ապրանք է, ամբողջությամբ ներկրման վրա հիմնվելն էլ լուրջ խնդիրներ կստեղծի պետության համար, վստահ է Էդգար Զաքարյանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակությունը կվտանգվի: Սա ներմուծման գնի առաջին փոփոխությունը չէ. 2021 թ. ներմուծվող մինչև 100 տոննա ցեմենտի համար սահմանվել էր 14 հազար դրամ տուրք, որը 2022 թ. օրենսդրական փոփոխություններից հետո կտրուկ իջեցվեց 2 հազար դրամի, իսկ մանրացման ենթակա ցեմենտի հումքի՝ կլինկերի համար գանձվող տուրքն ընդհանրապես հանվեց։ Այս փոփոխությունը քաղաքական թեժ քննարկումների թեմա էր դարձել խորհրդարանում, քանի որ դեռ 19 թվականից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այն ժամանակ դեռ պատգամավոր էր, բողոքում էր Իրանից ներմուծվող ցեմենտի դեմ:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ցեմենտի ներկրումը թանկանում է. պետությունը քառապատկում է լիցենզավորման տուրքը
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG