ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ չի նախատեսում ներկայացուցչ ուղարկել հաջորդ շաբաթ Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Լևիթը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Թրամփը խրախուսում է երկխոսությունը՝ կոչ անելով երկու կողմերին «միավորվել և ուղիղ բանակցություններ անցկացներ»։
CNN-ի լրագրող Ալաինա Տրինը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքերը, նշում է, որ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մտադիր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «լուրջ վերաբերմունքը» խաղաղության նկատմամբ, որից էլ կախված կլինի, թե արդյոք Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է առաջարկել Ուկրաինային ուղիղ բանակցություններ անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում՝ նշելով, որ պատրաստ են այդ բանակցությունների ժամանակ ուկրաինական կողմին ներկայացնել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր։
Լավրովը նշել է՝ ակնկալում է, որ բոլոր կողմերը կաջակցեն Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը մեղադրել է Ռուսաստանին՝ պատերազմը երկարացնելու և բանակցությունները խափանելու փորձի համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել է, որ Մոսկվան դեռ չի ստացել Ստամբուլում բանակցությունների նոր փուլի շուրջ Կիևի համաձայնությունը։