Մատչելիության հղումներ

Իշխող թիմում էլ որոշ պատգամավորներ դեմ են բանակից փողով ազատվելու նախագծին. Պապիկյանը հանդիպեց ՔՊ-ականներին


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, արխիվ

Ազգային ժողովում փակ դռների հետևում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու պաշտպանության նախարարն այսօր հինգ ժամ քննարկում էին բանակից փողով ազատվելու նախագիծը:

Իշխանականները հարցեր ունեին Սուրեն Պապիկյանին, չնայած Կառավարության հավանությանը՝ իշխող թիմում էլ միասնական դրական արձագանք չկա: Պատգամավորների մի մասը նախագիծը համարում է խնդրահարույց:

«Եթե խնդիր չտեսնեինք, երկու-երեք օր առաջվա մեր հանձնաժողովի նիստը կկայանար, չէր չեղարկվի: Իհարկե, խնդիրներ շատ ենք տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ծառայությունից փողով խուսափելու ճանապարհը օրինականացնել՝ 24 միլիոն դրամ վճարել ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար 15 միլիոն տուրք վճարել, քանի որ, ըստ նրա, հիմնականում ծառայությունից խուսափելու նպատակով են հրաժարվում քաղաքացիությունից: Այդ գումարով էլ առաջարկում է մեծացնել պայմանագրային ծառայողների քանակը:

Այս հիմնավորումները չեն համոզել իշխանական պատգամավորներին, թիմում դիմադրում են:

«Ոչ միայն իմ համար, այլ նաև հասարակության համար արժեքային համակարգի խնդիր կա, արժեքային մոտեցումներ կան, որոնք որ անընդունելի են մեր հանրության [համար]: Դե այն, ինչը դուք նշեցիք», - ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագրի» այն պատգամավորներից է, որ ծառայությունը գումարի դիմաց կրճատելու առաջարկը խնդրահարույց են համարում ու առաջարկում վերանայել ժամկետը:

«Նախագծում նշված է եղել մի ամիս և չորս ամիս, ես առաջարկություն եմ անելու, որ առնվազն չորս ամիս լինի: Գլխավոր շտաբը տվել է մասնագիտական կարծիք, որ ինքը մեկ ամսում կարող է պատրաստել զինվորին անհրաժեշտ բոլոր հմտությունները, կարող է զինվորական դարձնել, ասենք, բոլոր հմտությունները, այսինքն՝ մարդը իմանա կրակել, էս մեկ, էն մեկ, զինվորական հրամաններ կատարել, և Գլխավոր շտաբի համար մի ամիսը բավարար է: Բայց ես կարծում եմ, որ բավարար չէ», - ասաց պատգամավորը:

Ընդդիմադիրները, հանրությունն ու հասարակական կազմակերպությունները սուր քննադատում են իշխանականի այս նախաձեռնությունը: Համարում են, որ սոցիալական անարդարությունն են խորացնում, պետության պաշտպանությունից ազատում հարուստներին ու այն դնում աղքատների ուսերին: Արմեն Խաչատրյանն էլ է համաձայն, որ այդ առաջարկով բախվում են արժեքային հարցերի:

«Մաթեմատիկական հաշվարկներով ամեն ինչը էս նախագծի նպաստում է բանակի զորահավաքային պրոցեսների զարգացմանը և բարելավմանը: Սակայն, այո, դուք ճիշտ եք ասում, որ արժեքային խնդիր կա, այո, էդ արժեքային խնդիրը կա, որովհետև մարդկանց պատկերացումների մեջ և բոլորիս պատկերացումների մեջ պետք է որ փողի քանակով կամ, չգիտեմ, վճարելով իրավունքների փոփոխություն չիրականացվի», - ընդգծեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը:

Հայաստանի Սահմանադրությամբ պետության պաշտպանությունը բոլորի պարտքն է, ու այս նախագծով խտրական մոտեցում է սահմանվում: Նաև Մարդու իրավունքների պաշտպանն է այս նախագիծը խնդրահարույց համարում ու պատրաստ է դիմել Սահմանադրական դատարան, եթե այն ընդունվի Ազգային ժողովում:

«Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում: Իսկ հանրամատչելի լեզվով՝ պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի և անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում Սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ, և չի կարելի երկրում էնպիսի իրավակարգավորումներ և էնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անահիտ Մանասյանը:

Քաղհասարակությունը պահանջում է նախագիծը հանել շրջանառությունից: 16 կազմակերպություն այսօր հայտարարություն է տարածել ու մտահոգություն հայտնել: Օրինագիծը համարում են հակասահմանադրական: Առաջարկվող կարգավորումներով ոչ թե խնդիրներն են լուծվում, այլ խորանում է սոցիալական անարդարությունը, խտրական վերաբերմունքը: Խախտվում է օրենքի առաջ հավասար լինելու սահմանադրական սկզբունքը:

«Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները ունակ չեն լուծել և բացառել զորակոչի ընթացքում կոռուպցիոն դրսևորումները, իսկ որևէ արդյունք գրանցելու դեպքում դրանք կրելու են իրավիճակային ու ժամանակավոր բնույթ, չեն հանգեցնելու համակարգային փոփոխությունների և ժամանակի ընթացքում իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիայի նոր դրսևորումներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կանխարգելիչ և վերահսկողական արդյունավետ մեխանիզմների ներդրում, արդյունավետ քննության և պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքների պատշաճ իրագործում պրակտիկայում, այլ ոչ թե վճարի դիմաց ծառայությունից ազատվելու պրակտիկայի օրինականացում», - մասնավորապես ասված է հայտարարությունում:

Չնայած այս քննադատություններին` պատգամավոր Խաչատրյանը կողմ է, որ ոչ թե օրենքը շրջանառությունից հանեն, այլ բարեփոխեն, հղկեն խնդրահարույց կողմերը:

«Հենց ասում են՝ փող, բանակ, էս երկուսը իրար հակասում են, արդեն վերջ: Մեր ժողովուրդը դա չի ուզում լսի՝ փող և բանակ, ինչը շատ տրամաբանական է և հասկանալի: Էսօրվա քննարկումը ցույց կտա՝ հետո ինչ է արվելու էս նախագծի հետ», - նշեց Արմեն Խաչատրյանը:

Թե ինչով է ավարտվել նախարարի ու պատգամավորների երկարատև քննարկումը, ու ինչ կետեր են փոխելու, դեռ հայտնի չէ: Սուրեն Պապիկյանը օրինագծի մասին լրագրողների հարցերին չպատասխանեց: Չնայած քննադատություններին ու որոշ թիմակիցների դիմադրությանը, Հայկ Սարգսյանը շարունակում է պնդել՝ իր հեղինակած նախագիծը անհրաժեշտ է ու օր առաջ պետք ընդունվի:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG