Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի «խելագարության» մասին Թրամփի խոսքերը։ Ըստ Պեսկովի, Մոսկվան երախտապարտ է նախագահ Թրամփին՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի համար, սակայն «Ռուսաստանի նախագահն այն որոշումներն է կայացնում, որոնք կարևոր են երկրի անվտանգության ապահովման համար»։
«Բոլորն են լսել Կիևի վարչակազմի սպառնալիքները, որոնք հնչեցին մայիսի 9-ից առաջ։ Այդ օրը այստեղ գտնվող ղեկավարները նաև Ռուսաստանի մայրաքաղաքին և մյուս խոշոր քաղաքներին հարվածներ հասցնելու փորձերի ականատեսը դարձան։ Այդ փորձերն այսօր էլ շարունակվում են, ուստի մենք ստիպված ենք միջոցներ ձեռնարկել», - ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «լրիվ խելագարվել է»՝ նախազգուշացնելով, որ եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի «կործանմանը»։ Սա Դոնալդ Թրամփի ամենակտրուկ հրապարակային մեկնաբանությունն է Կրեմլի ղեկավարի հասցեին։