Մատչելիության հղումներ

«Մենք տեղյակ չէինք, որ Գյումրիում է». Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանի այցի մասին


Տեղական ընտրություններից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը մեծությամբ երկրորդ քաղաքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Գյումրիում էր: Բայց դիմավորողների շարքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չկար:

Երեկ մամուլում արդեն լուրեր էին շրջանառվում, որ Փաշինյանը հատուկ հրահանգել է, որ Ղուկասյանը չլինի դիմավորողների շարքերում: Չնայած այս հրապարակումներին, ինքը՝ Վարդան Ղուկասյանն «Ազատության» հետ զրույցում նախ զարմացավ, թե վարչապետը Գյումրիում է, հետո էլ պնդեց՝ տեղյակ չէ, հրավեր էլ չի ստացել. - «Մենք տեղյակ չէինք, որ Գյումրիում է, մեզ ոչ ոք ոչ մի բան չի ուղարկել»:

Այնինչ Շիրակի մարզի մյուս համայնքներում՝ Արթիկում, Ախուրյանում ՔՊ-ական համայնքապետերն էին դիմավորում կուսակցության ղեկավարին: Ի՞նչ է մտածում Ղուկասյանն այսպիսի տարբերակված մոտեցման մասին:

«Հիմա իրանք էդպես են մտածում, էդ մարդիկ խիստ կուսակցական են, ես ի՞նչ կարող եմ անել», - արձագանքեց Վարդան Ղուկասյանը:

Գյումրիի քաղաքապետը, ինչպես ընտրություններից առաջ ու հետո, հիմա էլ է պնդում, որ սուբորդինացիան կպահի, հրավիրեն, անպայման կգնա:

«Ասել ենք՝ երբ հրավիրեցին, մենք ի պաշտոնե կմասնակցենք, եթե չեն հրավիրում, մենք որպես ի՞նչ ենք գնալու», - ընդգծեց նա:

Իսկ թե ինչո՞ւ հրավիրված չէր Ղուկասյանը Գյումրիում կառուցված ու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզ Փաշինյանի շրջայցին, արդյոք իսկապես եղե՞լ է հատուկ հրահանգ, վարչապետի աշխատակազմից պարզել չհաջողվեց: Ամեն դեպքում՝ մամուլի երեկվա հրապարակումներին էլ չեն արձագանքել: Իսկ Փաշինյանը, որն այսօր՝ Շիրակի մարզ այցից առաջ ու դրա ընթացքում ֆեյսբուքում մի քանի աղմկահարույց գրառում է հեղինակել հոգևորականների մասին, անվտանգության խիստ հսկողությամբ եկավ, շրջեց ու «Ազատության» հարցերն անպատասխան թողեց, ասելով, թե այսօր չէ, բայց առաջիկայում հարմար առիթի կխոսի:

Փաշինյանը վաղ առավոտից էր Շիրակի մարզում: Մի քանի գյուղերի ու Արթիկ խոշորացված համայնքի նորակառույց մանկապարտեզներ այցելեց՝ ստուգելով կատարված աշխատանքը:

Ախուրյանում սուբվենցիոն ու պետական միջոցներով կառուցված ճանապարհները նայեց, Արեգնադեմ գյուղում էլ արդեն մի քանի տարի ձգձգվող դպրոցի շենքի շինարարությանը հետևեց: Գյուղերի բնակիչներին էլ հորդորեց՝ «եթե ուզում եք ձեր համայնքի խնդիրները լուծվեն, ապա հարկ վճարեք, խանութից ապրանք գնելիս պարտադիր ՀԴՄ կտրոն պահանջեք»:

Փաշինյանը հավանաբար հունիսին ևս Շիրակի մարզ կգա, այս անգամ տիկնոջ հետ՝ «Կրթվելը նորաձև» է ծրագրով, որը նախատեսվում է Մարալիկում անցկացնել:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG