Խաղաղության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից 24 ժամ էլ չանցած Սյունիքի Խոզնավար գյուղը դարձյալ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել, տուժածներ չկան: Գերատեսչությունը նաև վնասված լուսամուտի լուսանկարներն է հրապարակել:
Խոզնավարից «Ազատության» զրուցակիցը պատմեց՝ տունը հենց գյուղի կենտրոնում է, տարեց կին է ապրում, եթե այդ պահին պատուհանի մոտ լիներ, գուցե վնասվեր:
Երևանն այսօր Բաքվին դարձյալ հորդորել է հետաքննել բնակելի տան գնդակոծումն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով: Բաքվի արձագանքը չուշացավ. հերքեցին՝ պնդելով, թե իրենք քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա երբեք չեն կրակում:
«Միշտ էլ կրակում են էլի, ամեն օր էլ կրակում են», - տեղից «Ազատությանը» փոխանցեցին բնակիչները:
Խոզնավարի ու հարևան Խնածախի բնակիչներն ամեն գիշեր վերսկսվող ադրբեջանական կրակոցների մասին ահազանգում են արդեն ավելի քան երկու ամիս: Երևանը դրանց մասին պաշտոնապես հաղորդում է միայն այն դեպքերում, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվում: Գիշերային կրակոցները սկսվեցին մարտին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց կարճ ժամանակ անց:
Իշխանություններն այս կրակոցների վերաբերյալ հազվադեպ են խոսում: Այսօր վարչապետ Փաշինյանը գյուղերի բնակիչներին դիմելու հնարավորություն ուներ, բայց կառավարության նիստի ընթացքում միջադեպի մասին ոչ մի բառ չհնչեց:
Նիստից հետո էլ լրագրողներն Անվտանգության խորհրդի քարտուղարին հարցեր ուղղեցին, պարզվեց՝ Արմեն Գրիգորյանը անգամ տեղյակ էլ չէր, որ գիշերը տուն է վնասվել. «Անկեղծ ասած՝ ինչի մասին խոսում եք, ես դեռ տեղյակ չեմ, մանրամասների մասին տեղյակ չեմ: Առավոտվանը դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց կրակոցների վերաբերյալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, և այդ մասով հավելյալ որևէ մեկնաբանություն չունեմ»:
Ազգային ժողովում էլ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, թե հայկական կողմի համարժեք պատասխանն այս կրակոցներին էսկալացիայի կհանգեցնի:
«Այնպես չէ, որ հայկական կողմն այդ հնարավորությունները չունի պատասխան, համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագրին ամեն կերպ պետք է հասնել... մեր զինված ուժերը բավականին ադեկվատ և հավասարակշռված գործողություններ են իրականացնում, և որևէ էսկալացիոն գործողություն ՀՀ-ից հնարավոր չէ սպասել», - ասաց նա:
Մինչ իշխանությունները խաղաղության մասին են խոսում ու հայտարարում, թե պատերազմ չի լինելու, գերտերությունները վերջին շրջանում ռիսկերից են խոսում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Հայաստան ներխուժման վտանգին էր անդրադարձել, նախօրեին էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր հայտարարել՝ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է: Ադրբեջանը հենց Սյունիքով է միջանցք պահանջում Հայաստանից՝ դեպի իր էքսկլավ Նախիջևան:
«Սրանք զուտ պատահական կրակոցներ չեն, պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն ուղիղ բնակավայրերի ուղղությամբ», - լրագրողներին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը:
Նա նկատեց՝ այս կրակոցներին զուգահեռ Բաքուն վերջին շրջանում ակտիվացրել է նաև այսպես կոչված՝ «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը: Պատգամավորի կարծիքով՝ Բաքուն այս ամենով փորձում է բանակցություններում Հայաստանից զիջումներ կորզել:
Կրակոցների ֆոնին ադրբեջանական զինված ուժերում դարձյալ վարժանքներ են անցկացվել, այս անգամ համազարկային կրակի «Սմերչ» համակարգերի կիրառմամբ: Հարևան երկրում գրեթե ամեն ամիս են զորավարժություններ անցկացվում, վերջին շաբաթներին նաև Թուրքիայի ու Իրանի հետ համատեղ:
Ի դեպ, Խնածախից հայտնում են, որ վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների ժամերը փոխվել են: Կրակում են նաև վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ, երբ մարդիկ դուրս են գալիս գյուղատնտեսական աշխատանքների համար: