Վրաստանի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է հասարակությանը հղած իր ուղերձում՝ շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարությանը, գործընկերներին և ՆԳՆ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար։
Վախթանգ Գոմելաուրին ընդգրկվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ մի շարք երկրների պատժամիջոցների ցուցակներում՝ Թբիլիսիում նախորդ աշնանը ցույցերի կոշտ ցրման պատճառով։ Այդ դեպքերից հետո Վրաստանի իշխանությունները նրան պարգևատրել էին Պատվո շքանշանով, շնորհել գեներալ-գնդապետի կոչում և նշանակել փոխվարչապետ։
Գոմելաուրին նշել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի եղել, սակայն ներկայում, իր խոսքերով, ստեղծվել է հանգիստ ժամանակ, երբ կարող է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։
Վախթանգ Գոմելաուրին մի քանի տարի ղեկավարել է իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անվտանգությունը։ 2013 թվականից եղել է ՆԳ նախարարի տեղակալ, այնուհետև դարձել է գերատեսչության ղեկավար, ղեկավարել է Պետական անվտանգության ծառայությունը, իսկ 2019 թվականին կրկին նշանակվել է ՆԳ նախարար։
Վերջին շրջանում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը մի շարք կադրային փոփոխություններ է իրականացրել իշխանական կառույցներում և կառավարությունում: