Հայաստանի Առաջին Հանրապետության օրը հարգանքի տուրք առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանին. Դաշնակցություն կուսակցությունը ծաղիկներ խոնարհեց հուշարձանի մոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթը չշրջանցվեց: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Փաշինյանի կառավարությունը միայն զիջում է քարոզում:
«Բայց եթե երեսպաշտորեն ասում են՝ այո, կարևոր է, կարևոր է, բայց խոսքով մի բան են ասում, գործով՝ ուրիշ բան, երբ որ կտոր - կտոր մեր հայրենիքը էսօր էդ զիջողականության տրամաբանությամբ անընդհատ կորցվում է, էդ մարդիկ ի՞նչ իրավունք ունեն խոսել ընդհանրապես հպարտությունից, ի՞նչ իրավունք ունեն խոսել ընդհանրապես հայկականությունից, մեր պետականությունից և դրա ընդհանրապես ձեռքբերման մեթոդներից ու ձևերից», - ասաց Ռուստամյանը։
«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», - վարչապետի գնահատական է:
Ռուստամյանը հակադարձում է՝ հիշեցնելով, որ մինչև Փաշինյանի իշխանության գալը Հայաստանի ավելի ընդարձակ տարածքով էր, վստահ է՝ իշխանափոխություն չլինելու դեպքում Հայաստանի կորուստները գնալով մեծանալու են: «Խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են», - արձագանքեց Ռուստամյանը Փաշինյանի՝ պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն հայտարարության:
Ալիևի հայտարարություններին ուժի լեզվով պատասխանելու հնարավորություն արդյոք ունի՞ Հայաստանը. դաշնակցական գործիչը Առաջին հանրապետության պատմությունը մեջբերելով պատասխանեց. - «Քո ինքնությունը պահելու համար, այո, դու պիտի ուժեղ լինես։ Նորությո՞ւն է ինչի, իսկ որ իրենք ասում են, որ էդ ուժը աղբյուր չունի, սպառված է, ուրեմն, թող Սարդարապատ չտոնեն։ Սարդարապատում էլ, որ էդ հաշվարկն անեին, մի քանի անգամ գերազանցող թուրքերի դեմ է դուրս եկել հայ ժողովուրդը՝ Սարդարապատում, Բաշ - Ապարանում, Ղարաքիլիսայում, միաժամանակ 3 տեղ կռիվ է տվել թուրքերի կազմակերպված բանակի դեմ»:
Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ, ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ կայսրությունը նպատակն անկախ պետության ծիլերը ոչնչացնելն էր:
Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. - «Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը երկրում ծավալում է հստակ հակառուսական քարոզչություն, և իրենք վարում են ուղիղ, թրքամետ.... Իրենց կողմնորոշումը դեպի Թուրքիան է։ Դա փորձում են, իհարկե, արևմտյան արժեքների տակ ներկայացնել, բայց ինքը և նրան շրջապատող մարդիկ արևմտյան արժեքների, Արևմուտքի հետ որևէ առնչություն չունեն։ Իրենք շարունակում են Ռուսաստանին հայտարարել Հայաստանի թշնամի, իսկ Թուրքիային՝ Հայաստանի բարեկամ»։
Իշխանափոխությունից հետո միակ վայրը, որ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել, Բաքուն է, Իշխան Սաղաթելյանի պատասխան էր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո հայերը կարող են գնալ Բաքվում ապրել, ադրբեջանցիները վերադառնալ այն գյուղեր, որտեղ ժամանակին Հայաստանի տարածքում են ապրել: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում ապրելու իրեն ուղղված կոչին տելեգրամյան գրառմամբ է պատասխանել:
«Իշխանը Սաղաթելյան, որ սենց բաներ է ասում, ինքն ի՞նչ է, դե՞մ է, որ Բաքվի ջարդերից կամ Սումգայիթի ջարդերից փախած հայերը վերադառնան իրենց տները և հայերի վերադարձի մասին խոսելիս միայն Ղարաբաղի հայերի մասին է պատրաստ խոսել, թե՞ իրա դաշնակ ուղեղով մտածում է, որ, եթե ասի Ալեն Սիմոնյանը Բաքվում կարա ապրի, դրանով ինքն ուժեղ տղու կերպար է ստանում: Սա ուղղակի վառ ապացույցն է, որ ասելիք չկա. այս մարդիկ ասելիք չունեն, այս մարդիկ կենդանի, բայց քաղաքական դիակ են մեր քաղաքական դաշտում», - նշել է Սիմոնյանը:
Կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար անդամ Սիմոնյանն ասել է՝ ընդդիմության ամեն ասածին ու վիրավորանքին առնվազն 10 պատասխան է տալու իշխանությունը: