Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, Սարդարապատի հուշահամալիրի ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան: Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս ՀՀ ուղեկից չեն: Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», - ասել է երկրի ղեկավարը:
Հիշեցնելով, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այժմ երկկողմ խորհրդակցություններ են իրականացնում փաստաթղթի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար:
Վարչապետը նաև շեշտել է. «Երրորդ Հանրապետության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն»:
Ըստ նրա՝ պատմությունն ու աշխարհը հայ ժողովուրդը շարունակում է հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը սերմանել է:
«Մեր պետության և ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարել, ինչի արդյունքում կկարողանանք հաղթահարել և մարսել մի քանի առանցքային իրողություն», - ասել է նա՝ թվարկելով դրանցից մի քանիսը:
«Մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը:
29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է, մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս», - նշել է նա: