Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան․ Հայաստանը կանգնած է անկախության կորստի վտանգի առջև


Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը վստահ է՝ եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, Երրորդն էլ թերևս չէր լինի։ Ավելի քան 100 տարվա պատմության կարճ էքսկուրս անելով, Մանուկյանը եզրահանգում է՝ անկախության ճանապարհը բարդ էր, բայց՝ հնարավոր, ընդգծելով՝ այսօր, սակայն, նոր մարտահրավերներ կան։

Ու չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր, թե «մենք այսօր ավելի անկախ ենք, քան երբևէ», Արամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ երկիրը կանգնած է անկախության կորստի վտանգի առջև։

«Ցավոք սրտի, այս ամբողջ մեր նորագույն պատմության մեջ մենք հիմա կրում ենք ամենաարագացված անկախության կորստի փուլը: Որքան էլ հայտարարեն, այնուամենայնիվ, իրենց ամբողջ գործունեությունը, ամբողջ քայլերը մեր սուվերենության, մեր ինքնիշխանության կտրատման, ծվատման գործընթաց են իրենցից ներկայացնում: Եվ էսօրվա ժողովրդի խնդիրը, քաղաքական կուսակցությունների խնդիրը, թող շատերը ինձ հետ չհամաձայնեն, պետք է լինի եղածը պահելը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Սովետական Միության միջով անցած, 90-ականներին պատերազմ ու աղետալի երկրաշարժ հաղթահարած ու պետություն ստեղծած երկրում այսօր ինքնիշխանության պահպանումը գերխնդիր է, մինչդեռ գործող իշխանությունը, Մանուկյանի ձևակերպմամբ, դեմագոգիայով է զբաղված։

«Քայլերը, իրողությունները ամբողջապես հակառակն են ապացուցում՝ մենք ունենք տարածքների կորուստ, մենք ունենք Ղարաբաղի կորուստ, Ղարաբաղի 120 հազար հայաթափում, մեր սահմանները ծվատվում են, անկլավների հարցն է քննարկում, ադրբեջանցիների վերադարձի հարցն է քննարկում, ինքնիշխանության սուվերեն գործընթացներից, ինչպիսին է, ասենք, դատական հայցերի՝ եվրոպական դատարաններում որ գոյություն ունեն, դրանցից հետ է կանգնում: Նշանակում է՝ դու քո քաղաքացիների, քո երկրի արժանապատվության, իրավական, քաղաքական իրավունքներից հրաժարվում ես կամովին: Մի երկիր, որ իր երկրի ծննդականը մերժում է և հանում է երկրորդ հիմնարար փաստաթղթից՝ Սահմանադրությունից, էդ մարդիկ անկախության մասին խոսելու իրավունք չունեն, իրենք էդ բառը հնչեցնելու իրավունք չունեն, իրենք անկախության գործընթացի հակառակորդներն են», - հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:

Առաջին Հանրապետության տոնի առթիվ այսօր Հայ ազգային կոնգրեսում հավաք էր. Արամ ՄԱնուկյան էր անկախության թեմայով բանախոսում՝ ներկայացնելով անցած ճանապարհը, ստեղծված արժեքները, նկարած ֆիլմերն ու գրված գրքերը, որոնք, նրա պնդմամբ, այսօր անտեսվում են ամենաբարձր մակարդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG