Արդյոք վարչապետ Փաշինյանի այսօրվա վիրավորական բառապաշարով գրառումները` ուղղված եկեղեցականներին, ընդունելի են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար:
Նիկոլ Փաշինյան - եկեղեցի հերթական առճակատումը սկսվել է երեկվա Կառավարության նիստից, երբ Փաշինյանը քննադատեց եկեղեցիների վիճակը՝ դրանք համեմատելով խորդանոցի կամ պահեստի հետ, իսկ այսօր առավոտյան Ֆեյսբուքում բարձրաստիճան եկեղեցականներին ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարք է սկսել՝ հատելով քաղաքակիրթ խոսքի սահմանը:
Մինչ հանրության մի մասն այնքան ցնցված էր գրառումից, որ փորձում էր պարզել՝ արդյոք այդ խոսքերն իրոք վարչապետինն են, թե՞ գուցե չարամիտներն են կոտրել նրա ֆեյսբուքյան էջը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ոչ միայն հաստատեց և ընդունելի համարեց գրածը, այլև հայտարարեց՝ պետք լինի՝ ինքն էլ նույնը կկրկնի:
Երբ լրագրողը մեջբերեց վարչապետի առավոտյան գրառումը և ՔՊ-ական պատգամավորներին հարցրեց, թե այդ բառապաշարն ու գործելաոճը, ըստ նրանց, ինչքանո՞վ է համահունչ «Կրթվելը նորաձև է» շարժմանը, Հովհաննիսյանը հայտարարեց. - «Այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի լինել կուսակրոն և այլասերված, և դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ՞: Մենք էս դիտանկյունից պետք է հարցին նայենք քաղաքական խոսույթին և խոսույթին առհասարակ, այո, կարող են լինել նաև նման սուր արտահայտություններ և որակումներ: Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին»:
Վարչապետի բառապաշարն ընդունելի է համարում նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից Հերիքնազ Տիգրանյանը: Կարծում է՝ դա համարժեք պատասխանն է այն քննադատությանը, որ սկսվեց երեկվա Կառավարության նիստում վարչապետի կողմից որոշ եկեղեցիներ խորդանոցի հետ համեմատելուց հետո:
«Հոգևորականը, որ ունի ուխտ Աստծո հետ, ավելի շատ պիտի աղոթքի լեզվով խոսի, ոչ թե վիրավորանքի, ավելի շատ օրհնանք պիտի անի, ոչ թե նզովք, բայց երբ որ դա անցնում է արդեն անձնական վիրավորանքների դաշտը, պետք է պատրաստ լինեն նաև լսելու անձնական վիրավորանքներ, այո», - պնդեց Տիգրանյանը:
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը նաև զգուշացրեց՝ թիրախավորելու և անուն առ անուն հրապարակելու են բոլոր, իր բնորոշմամբ, սրբապիղծներին. - «Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն»:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից հանրապետական Հայկ Մամիջանյանը, սակայն, հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի այլ համակիրների վրա այս գրառումն ազդեցություն կունենա:
«Կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի՝ իրանք դրա տակ մտնել պատրաստ ե՞ն: Մեր համար ոչ մի նոր բան չկա, ես չեմ կարծում, որ ինքը կարա ինձ զարմացնի երբևէ: Չնայած անկեղծության համար ասեմ, ինչպես բոլորդ, վստահ եմ, սքրինշոթները տեսնելուց հետո մի հատ մտել եք էջ նայել եք՝ դա իրականություն է՞, թե՞ չէ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Գիտե՞ք, թերևս ամենապարզ բացատրությունը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է: Դիակները երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում: Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չի»:
Իսկ Հայ Առաքելական եկեղեցին, ըստ Մամիջանյանի, չի սասանվի. - «Հայ Առաքելական եկեղեցին իրա ատամի բանը չի»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը համարում է, որ իշխանությունները հարձակում են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, իսկ վարչապետի գրառումն, ըստ Խաչատրյանի, խուլիգանություն է, որով պետք է զբաղվեն իրավապահները:
«Պարզ խուլիգանություն է: Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ: Կրթող և կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին: Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն, առնվազն: Եվ դրանից բացի՝ իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում և մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաև նրանք անելու բան ունեն, ինչպես նաև մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաև սա պետք է հիշեն», - հայտարարեց Խաչատրյանը:
Արտախորհրդարանական ընդդիմությունը ևս քննադատում է: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է՝ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումները հայոց ազգի ինքնության դեմ իշխանության հայտարարած պատերազմի հերթական արարն են:
«Սա համակարգային արշավ է, որը Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սկսել է, կարելի է ասել, մեր ազգային ինքնության դեմ: Որովհետև մենք տեսնում ենք, որ իրենք արդեն վախենում են անգամ ազգային բառը օգտագործել և հաստատությունների անուններից են դա հանում, մենք տեսնում ենք, որ իրենք պայքարում են խորհրդանիշների դեմ, հայտարարում են, որ Արարատը պիտի մեր զինանշանից հանվի, և այլն, և այլն: Շատ նրանց մտատանջում է մեր Սահմանադրության կապը Անկախության հռչակագրի հետ՝ դա էլ են ուզում հանեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ եզրակացնելով. - «Այսինքն, սա մի արշավ է, որը ակնհայտորեն թելադրված է նրանց ցանկությամբ՝ բավարարել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել, նույնպես կարծում է, որ վարչապետին ոչ հարիր այս խոսույթով Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային արժեքները նսեմացնելով:
«Մի ինչ-որ բամբասանք, որը վարչապետը գրում է, օգտագործում է ամբողջ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար, պետական էս ազգային ինստիտուտը փչացնելու համար: Ինչու է նա դա անում՝ որովհետև Ադրբեջանից, Իլհամ Ալիևի կողմից հստակ կա հրահանգ՝ դենացիֆիկացիա անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, որը Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորությամբ իր թիմը ամբողջ ուժով իրականացնում են: Ինչ է սա նշանակում՝ քանդել, փչացնել, պղծել Հայաստանի Հանրապետության, այս պետականության, մեր ժողովրդի գոնե վերջին 200 տարվա ինքնության հիմքում ընկած, ձևավորման հիմքում ընկած բոլոր արժեքային համակարգերը», - հայտարարեց Մարուքյանը:
Մայր Աթոռ-իշխանություն հակամարտությունն ավելի քան չորս տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, դրանից հետո փոխադարձ քննադատությունները պարբերաբար թեժանում են: