Ռուսական զինուժը գիշերը «Իսկանդեր», «Կալիբր» և բալիստիկ այլ հրթիռներով ու անօդաչուներով լայնածավալ հարձակում է գործել ուկրաինական բնակավայրերի, այդ թվում՝ Կիևի վրա, կա 12 զոհ, տասնյակ վիրավորներ: Օդային տագնապ է հայտարարվել ողջ երկրում: Սա պատերազմի սկսվելուց ի վեր մեկ օրում իրականացված օդային ամենախոշոր հարձակումն է: Ռուսական կողմը տեղեկացնում է, որ ևս երկու բնակավայր է վերցրել: Ուկրաինական զինուժը ևս հարվածել է ռուսական բնակավայրերին:
Գիշերվա հարձակումների ֆոնին Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ նա «լրիվ խելագարվել է»: Սոցցանցում արած գրառմամբ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Պուտինը փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, ապա դա կհանգեցնի «Ռուսաստանի կործանմանը»։ Վաշինգտոն մեկնելիս էլ Մորիսթաունի օդանավակայանում ասել է, որ դժգոհ է Պուտինից, և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել:
«Նա շատ մարդկանց է սպանում, և չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինի հետ։ Ես նրան վաղուց եմ ճանաչում, միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, բայց նա հրթիռակոծում է քաղաքները և սպանում մարդկանց, և դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահին՝ ասելով, որ իր հայտարարություններով Վլադիմիր Զելենսկին օգուտ չի տալիս իր երկրին: Նրա բերանից դուրս եկած ցանկացած բառ խնդիրներ է առաջացնում, և ավելի լավ է նա դադարի խոսել, ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն, իր հերթին, X-ում լուսանկար է հրապարակել Կիևից, որում երևում է, որ քաղաքի մի քանի հատվածներում հրդեհ է բռնկվել օդային հարվածներից հետո: Քիթ Քելլոգը կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու սպանությունները:
«Սա Կիևն է։ Գիշերը իրենց տներում կանանց և երեխաների անխտիր սպանությունը 1977թ. Ժնևի խաղաղության արձանագրությունների ակնհայտ խախտում է, որոնք մշակվել են անմեղ մարդկանց պաշտպանելու համար։ Այս հարձակումներն ամոթալի են», - ընդգծել է Քելլոգը:
Մոսկվայից արձագանքել են Վաշինգտոնից հնչող մեղադրանքներին: Չնայած խաղաղ բնակչության շրջանում զոհերին՝ Կրեմլի խոսնակը պնդել է, որ ռուսական զինուժը հարվածում է միայն ռազմական թիրախներին, որոնք ավելի վաղ հարվածել են ռուսական քաղաքացիական օբյեկտներին: Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացման հնարավոր վայրի վերաբերյալ դեռ համաձայնություն չկա, իսկ խաղաղության հուշագրի նախագծի իր տարբերակը Ռուսաստանը Կիևին դեռ չի ներկայացրել, քանզի դեռ աշխատում են դրա վրա: Պեսկովը նաև նշել է, որ սա շատ կարևոր պահ է, և բոլորի մոտ հուզական բեռնվածություն կա. - «Բնականաբար, միևնույն ժամանակ սա շատ կարևոր պահ է, որը, իհարկե, կապված է բոլորի հուզական գերբեռնվածության և հուզական արձագանքների հետ։ Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան»։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ միայն լիակատար անպատժելիության զգացումը կարող է Ռուսաստանին թույլ տալ նման հարվածներ հասցնել և նույնիսկ շարունակ մեծացնել դրանց մասշտաբները։ Վլադիմիր Զելենսկին սոցցանցում գրել է՝ Պուտինը սրանով ցույց է տալիս, թե որքան է արհամարհում աշխարհին, որն ավելի շատ ջանք է գործադրում նրա հետ երկխոսելու, քան՝ ճնշելու վրա:
«Ռուսական հարվածների խստացմանը պետք է պատասխանել պատժամիջոցների խստացմամբ: Ռուսաստանի կողմից դիվանագիտությունն անտեսելուն ու նույնիսկ կրակի դադարեցումից հրաժարվելուն պետք է պատասխանել արգելափակելով ռուսական ֆինանսներն ու նավթի առևտուրը», - հայտարարել է Զելենսկին:
Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողն անընդունելի է: Էմանյուել Մակրոնի կարծիքով՝ Թրամփը գիտակցում է, որ Ուկրաինայի հետ կապված շատ հարցերում Պուտինը պարզապես ստում է:
Ֆրանսիայի արտգործնախարարն էլ այսօր Երևանում հայտարարեց՝ Ուկրաինան բազմիցս է ապացուցել, որ պատրաստ է խաղաղության, և հիմա հերթը Ռուսաստանինն է: Ֆրանսիան ևս ցանկանում է, որ անմիջապես հրադադար հաստատվի, ասաց Ժան-Նոել Բարոն:
«Մեր ուղերձը հստակ է. մենք խաղաղություն ենք ցանկանում, և որպեսզի դա հնարավոր լինի, անհրաժեշտ է հրադադար։ Դա թույլ կտա բանակցություններ վարել, որոնք կերաշխավորեն երկարատև և արդար խաղաղության հաստատումը», - հայտարարեց Բարոն:
Գերմանիայի կանցլերն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հանել են սահմանափակումը, որ թույլ չէր տալիս մեծ հեռահարության սպառազինություն մատակարարել Ուկրաինային: «Դա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, օրինակ՝ հարձակվելով Ռուսաստանում գտնվող ռազմական օբյեկտների վրա», - ասել է Ֆրիդրիխ Մերցը։
Այս ֆոնին Ուկրաինայի արտաքին հետախուզությունը հաստատել է տեղեկությունը, որ Չինաստանը քիմիկատներ, վառոդ և այլ ապրանքներ է մատակարարել Ռուսաստանում զենք-զինամթերք արտադրող 20 օբյեկտի: