Թուրքիան առաջարկում է հյուրընկալել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը՝ Ուկրաինայում ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու շուրջ պայմանավորվածության հասնելու նպատակով:
«Մենք անկեղծորեն կարծում ենք, որ հնարավոր է Ստամբուլի առաջին և երկրորդ ուղիղ բանակցություններն ավարտել պարոն Թրամփի, պարոն Պուտինի և պարոն Զելենսկու հանդիպմամբ՝ պարոն Էրդողանի միջնորդությամբ», - Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին, սակայն սպասում է Մոսկվայից հրադադարի առաջարկներին, թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
«Մենք հետաքրքրված ենք այս հանդիպումների շարունակությամբ։ Մենք ցանկանում ենք այս տարի ավարտել այս պատերազմը։ Մենք հետաքրքրված ենք հրադադարով», - ասել է Սիբիգան։
Թուրքիայի միջնորդությամբ եռակողմ հանդպման առաջարկին արձագանքելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Ռուսաստանը նախ ցանկանում է արդյունքների հասնել հակամարտող երկրների պատվիրակությունների միջև անցկացվող բանակցություններում։
«Պուտինը բազմիցս ասել է, որ ինքը սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակով շփումներին, իհարկե, դրանք պահանջված են, բայց դրանք պետք է պատրաստ լինեն, և նախ արդյունքի պետք է հասնել երկու երկրների պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններում: Նման արդյունքների հասնելու դեպքում, իհարկե, կարող ենք խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Հաքան Ֆիդանը շաբաթասկզբին Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի ղեկավարության հետ: