Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները Ղարաբաղի ներկայացուցիչների քայլերի հայելային պատասխանն են:
«Դե մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ, նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեց», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահը:
Մայիսի 21-ին Արցախի պատգամավորները խորհրդարանի նոր նախագահ են ընտրել՝ Աշոտ Դանիելյանին։
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը ու առնվազն չորս տարի ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» հայտարարություններ հնչեցնում:
Իր համեմատությունը Սիմոնյանը տեղին է համարում։ Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարում է՝ ոչ: Արցախ չի՞ եղել. տասնամյակներով միջազգային գերտերությունների հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարց է քննարկվել:
«Ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո, չի եղել, այո, չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի: Բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է», - ասաց ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են, կամ այլ ձևի են, իրանք էլ էդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այս քայլերը, այս հայտարարությունները իրա հայելային արձագանքն է, էդքան բան: Ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ, որն է սխալ»:
Դիտարկմանը՝ «մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունները կային, այսինքն՝ երկու տարի առաջ է դա արել, դուք ամեն ինչ փորձում եք սլաքները տանել արցախցիների վրա», Սիմոնյանն արձագանքեց. - «Ոչ, ոչ, ոչ, ոչ, սխալ եք, դուք սխալ եք: Խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ»:
Հայաստանի իշխանությունը ադրբեջանցիների հետ բանակցելիս արցախցիների վերադարձի հարց չի քննարկում, չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ Ղարաբաղի հայերը մի օր, երբ անվտանգ կլինի, պետք է վերադառնան և ապրեն իրենց տներում: «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի մասին կոչ էր անում մոռանալ, չի տեսնում հնարավորություն, որ ադրբեջանցիները գան ու ապրեն Հայաստանում. - «Ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պահի դրությամբ անհնար է»:
«Քաղաքական հիմարություն ու կարճամտություն է Արցախը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը» իրար հետ համեմատել: Ալեն Սիմոնյանը փոխանակ ընդունի իրենց սխալները, մի հատ էլ մեղայականով հանդես գա, դրա փոխարեն նորից փորձում է իրենց սխալները և ալիևյան ռեժիմի նկրտումները գցել արցախցիների գրպանը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի պահանջատիրությունը կապ չունի արցախցիների բնական իրավունքի ու ձգտումների հետ՝ պահպանելու պետական ինստիտուտներն ու ներկայացուցչական մարմինները:
«Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները նշաձողը իջեցնում, իջեցնում, իջեցնում են և արդեն շատ լուրջ, վտանգավոր մակարդակի են իջեցրել, նույնիսկ ի լրումն Արցախի կորստի, բայց Ադրբեջանի իշխանությունները նշաձողը բարձրացնում են, այդ թվում՝ ընդհանուր չակերտավոր Արևմտյան Ադրբեջանի և չակերտավոր Զանգեզուրի միջանցքի կոնցեպտների շրջանակներում», - ընդգծեց Բեգլարյանը:
Ալեն Սիմոնյանն այսօր կանխատեսում էր՝ խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել. ինքն, օրինակ, Ադրբեջանից գազ կառներ:
«Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ: Այսինքն, մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի և իրար չենք նայում, հինգ րոպե հետո՝ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, Հայաստանի Հանրապետության բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել և շփվել», - վստահ է Ազգային ժողովի նախագահը:
«Առևտուր են անելու: Ժողովուրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, շրջափակման ժամանակ, անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը, կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել: Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, տենց պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք», - շարունակեց Սիմոնյանը:
Ադրբեջանական շրջափակման ժամանակ Արցախում գտնված Արտակ Բեգլարյանը պնդում էր՝ ինքը Սիմոնյանի նկարագրած որևէ դեպքից տեղյակ չէ:
«Ես վստահ եմ, որ հերյուրանք է, ու ես էլ կարող եմ ասել, որ առևտուր է տեղի ունեցել և տեղի ունենում Հայաստանի Ազգային ժողովի և ադրբեջանցիների միջև: Թող գնա ինքը մի հատ հերքի կամ ապացուցի, որ ինքը ճիշտ է ասում», - ասաց Արցախի նախկին պետնախարարը:
ԱԺ նախագահը պնդեց՝ չի տիրապետում հայ-ադրբեջանական սահմանին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարած հնարավոր էսկալացիայի մասին տեղեկության: Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ազդակներ Ադրբեջանից կա՞ն. Ալեն Սիմոնյանն ասաց՝ խոսակցությունը շարունակվում է:
Այս հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը հայ - ադրբեջանական պայմանագրի ստորագրման համար կրկնել է նախապայմանները, թե «խաղաղության ցանկացած ուղերձ արդյունք կտա միայն այն ժամանակ, երբ այդ քայլերը գործնականում կիրառվեն»: Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխություն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում է պահանջում: