Մատչելիության հղումներ

«Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ». Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովում, Երևան, 25-ը մայիսի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովում, Երևան, 25-ը մայիսի, 2025թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ և կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատև խաղաղության համար:

Վարչապետ Փաշինյանն, իհարկե, հղում անելով փորձագետներին, քիչ հավանական համարեց, թե դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո: Բայց ինչպես Փաշինյանն ընդգծեց՝ դատարանը դատարան է:

«Եվ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այդ խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, և կփորձենք և կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական և երկարատև խաղաղության հասնելու համար», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Ի դեպ, Փաշինյանն արդեն իսկ նախաձեռնել է նոր Սահմանադրության մշակումը, այն, ըստ արդադարդատության նախարարի, պատրաստ կլինի 2026-ին, բայց թե երբ կդրվի հանրաքվեի, պարզ չէ:

Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը՝ պահանջելով Հայաստանից փոխել երկրի Մայր օրենքը: Բաքուն պնդում է, թե Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ է պարունակում, պահանջելով փաստաթղթից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ հիշատակում կա Հայաստանի և Ղարաբաղի միավորման մասին:

Փաշինյանն այսօր «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումում ընդգծեց՝ «միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանն է»:

Միաժամանակ, ցույց տալու համար, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, վարչապետը մանրամասն ներկայացրեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի որոշ դրույթներ, պնդելով, թե դրանք փարատում են Ադրբեջանի մտահոգությունները: Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթում որպես կարևորագույն սկզբունք ներառված է Ալմա-Աթայի հռչակագիրը, որն արդեն իսկ անցյալ տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող, երբ ուսումնասիրում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:

«Համաձայն մեր Սահմանադրության՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, որը նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի տարածքը նույնն են, ինչ համապատասխանաբար խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի տարածքները», - ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, թե սա ամենը չէ: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում դրույթ կա, որով կողմերը հաստատում են, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են անկախ պետությունների միջազգային սահմաններ, և որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և միմյանց քաղաքական անկախությունը:

Հայաստանի վարչապետը հղում արեց խաղաղության պայմանագրի համաձայենցված տեքստի ևս երկու դրույթների.

«Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջ և ապագայում չեն ներկայացնելու նման պահանջներ: Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն համաձայնեցրել են, որ չի կարող լինել որևէ տարածքային պահանջ կողմերից մեկի կողմից՝ մյուսի նկատմամբ:

Պայմանագրի տեքստում մեկ այլ կարևոր դրույթ էլ կա, համաձայն որի՝ կողմերը չեն կարող ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում՝ խաղաղության պայմանագիրը չկատարելու համար»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս նրբությունները շատ կարևոր են, և Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո այն պետք է ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը:

Եթե դատարանը պայմանագիրը հակասահմանադրական ճանաչի, այդ դեպքում Փաշինյանը խոստացավ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ փաստաթուղթը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այն Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին: Փաշինյանը շեշտեց՝ վավերացումից ու նախագահի ստորագրումից հետո այդ փաստաթուղթը կունենա ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը Հայաստանում:

«Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Դա նշանակում է, որ վավերացման պահից և ուժի մեջ մտնելուց հետո, որը տեղի կունենա վավերացման մասին օրենքը նախագահի կողմից ստորագրելուց հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանում: Սա շատ լավ լուր է, քանի որ նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս: Ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրների լուծման ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը», - շեշտեց վարչապետը:

«Հնարավորություն չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքները, եթե ստորագրվի պայմանագիրը: 100 տոկոսով վստահ կարող ենք լինել, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն, և դրա համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի», - ասաց Փաշինյանը:

Ի դեպ, վարչապետը դարձյալ ընդգծեց, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ որոշակի տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ, բայց այդ հարցը առանձին չեն բարձրացրել, քանի որ համարել են, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի:

Ծավալուն ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի մյուս պահանջին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:

Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է իր համար, բայց մյուս կողմից ուզում են հավաստիանալ, համոզվել, որ Ադրբեջանը մտադրություն չունի իր տարածքում հակամարտությունը փակել և այն տեղափոխել Հայաստանի տարածք:

«Դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 60 տոկոսն անվանել «Արևմտյան Ադրբեջան»: Մենք բազմիցս ասել ենք՝ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Դա կառուցողական մոտեցում է՝ ունենալ երկու փաստաթուղթ սեղանին և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին, նույն վայրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո Ալիևն այսօր կրկին Հայաստանն անվանեց «Արևմտյան Ադրբեջան», խոսեց «ադրբեջանական պատմական հողերի» մասին, որտեղից «արտաքսվել են» իր հայրենակիցները։ «Ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական, էթնիկ տարածքից», - ասել է Ադրբեջանի նախագահը, որը Երևանից պահանջում է քննարկումներ սկսել ադրբեջանցիների վերադարձի շուրջ:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG