Դոնալդ Թրամփը դիտարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, քանզի ավելի ու ավելի է հիասթափվում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումներից: Իր աղբյուրներին հղում անելով՝ այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը, նշելով, որ սահմանափակումները չեն վերաբերի բանկային ոլորտին, քննարկվում են Պուտինին ճնշելու այլ տարբերակներ, որպեսզի նա համաձայնի 30-օրյա հրադադարին։ Հեղինակավոր պարբերականը նշում է, որ Թրամփը հոգնել է բանակցություններից և ցանկանում է ամբողջությամբ հրաժարվել դրանցից, եթե արդյունք չլինի:
Սպիտակ տնից պաշտոնական հաստատում դեռ չկա, բայց հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, որ ԱՄՆ Սենատը սպասում է խաղաղության համաձայնագրի հուշագրի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին, որպեսզի որոշի՝ պատժամիջոցներ կիրառի՞ Ռուսաստանի դեմ, թե՞ ոչ։
«Նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինին խնդրել է տրամադրել հրադադարի պայմանների ցանկը ... Կախված Ռուսաստանի արձագանքից՝ կհասկանանք, թե ինչ ուղեգիծ պետք է ընտրենք», - հայտարարել է Գրեհեմը:
Կրեմլի խոսնակն ասել է, որ ուկրաինական խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ը և նախագահ Թրամփը հավասարակշռված մոտեցում ունեն, իսկ Wall Street Journal-ի հրապարակումը խաղաղության բանակցությունները խափանելու արշավի մաս է: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ Եվրոպան անուղղակիորեն մասնակցում է Ռուսաստանի դեմ պատերազմին, ինչը չի նպաստում խաղաղության գործընթացին:
«Մենք տեսնում ենք, որ մեծ թվով լրատվամիջոցներ փաստացի մասնակցում են խաղաղության գործընթացը խաթարելուն ուղղված արշավի, որի նպատակն է ամեն կերպ խրախուսել ամերիկացիներին, որպեսզի նոր պատժամիջոցներ կիրառեն», - պնդել է Պուտինի խոսնակը:
Ռուսաստանի արտգործնախարարն, իր հերթին, թուրք պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին առաջարկել է ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել կրկին Ստամբուլում:
Անդրադառնալով հարցին, որ Թրամփը երեկ Պուտինին «խելագար» էր անվանել, Սերգեյ Լավրովն ասել է՝ ԱՄՆ նախագահը շահագրգռված է, որ բանակցությունները շարունակվեն, սակայն երբ տեսնում է, թե ինչպես են եվրոպացիները սաբոտաժի ենթարկում խաղաղության հասնելու իր ջանքերը, նա ցույց է տալիս իր հույզերը. - «Եվ, իհարկե, որպես մարդ, որը չի սիրում խոչընդոտներ ազնիվ նպատակներին հասնելու ճանապարհին, նրա մոտ ի հայտ են գալիս որոշակի գնահատականներ, որոշակի հռետորաբանություն»։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ հաստատել է՝ Թուրքիան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին:
Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումներն ավելի են սաստկանում, և ամեն ինչ վկայում է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրադադար հաստատել, հակառակը՝ նոր հարձակումների են պատրաստվում: Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն Մոսկվայից դեռ չեն ստացել խաղաղության համաձայնագրի հուշագրի տեքստը: Նա նաև գործընկերներին կրկին կոչ է արել պատժամիջոցների միջոցով մեծացնել ճնշումը Պուտինի վրա, որպեսզի համաձայնի հրադադարին:
«Պուտինը պետք է սկսի հարգել նրանց, ում հետ բանակցում է։ Առայժմ նա պարզապես խաղ է անում դիվանագիտության և դիվանագետների հետ։ Սա պետք է փոխվի», - ասել է Զելենսկին:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, արձագանքելով Զելենսկիին, ասել է, որ Մոսկվան դեռ աշխատում է հուշագրի նախագծի վրա և ավարտելուց հետո կփոխանցի Կիևին: Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կանի նույնը:
«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը նույնպիսի աշխատանք է անում և ռուսական փաստաթուղթը ստանալուն պես իր նախագիծը կտրամադրի մեզ», - ասել է Զախարովան:
Գերմանիայի կանցլերն էլ կարծիք է հայտնել, որ պատերազմը թերևս շարունակվի, քանզի Ռուսաստանը չի ցանկանում հրադադար: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ պատերազմները սովորաբար ավարտվում են, երբ կողմերը տնտեսապես կամ ռազմական առումով մաշվում են:
«Այս պատերազմում դեռ շատ հեռու ենք այդ իրավիճակին հասնելուց: Այնպես որ, գուցե ստիպված լինենք պատրաստվել ավելի երկար ժամանակահատվածի», - ասել է Մերցը:
Մինչ Մոսկվան և Կիևը սպասում են հուշագրի նախագծին, Շվեդիան մոտ 500 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային: Գումարը կծախսվի բանակին անօդաչուներ, արկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա մատակարարելու համար: Լատվիան, իր հերթին, ևս 1500 անօդաչու է ուղարկել Ուկրաինա:
Այս ֆոնին Եվրոպական միությունն այսօր պաշտոնապես հաստատեց իր «Անվտանգության գործողություններ Եվրոպայի համար» ծրագիրը՝ 150 միլիարդ եվրո բյուջեով: Ֆինանսական այս գործիքը նախատեսում է օգնել անդամ երկրներին՝ ավելացնելու պաշտպանական կարողությունները, նաև օգնել Ուկրաինային, եթե ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական աջակցությունը:
Իսկ իրադրությունը ռազմաճակատում մնում է լարված: Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Զապորոժիեին, Դնեպրոպետրովսկին, Սումիին, կան զոհեր և վիրավորներ: Ռուսական կողմը հայտարարել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել: Ուկրաինական զինուժը ևս հարվածել է Ռուսաստանին: Նիժնի Նովգորոդի, Սարատովի և Տամբովի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները: